вторник, 16 сентября 2014 г.

ՀԵՌՈւՍՏԱԵԹԵՐԻ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ ՇԵՂՎՈՂ ՎԱՐՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

Վարքը անձի ներքին ակտիվությամբ և անհատական առանձնահատկություններով պայմանավորված մարդու և միջավայրի փոխազդեցությունն է: Այն կատարվում է գործողությունների և արարքների միջոցով: Մարդը կարող է գտնվել վարքային 4 ոլորտներում՝ նորմալ, սոցիալ հոգեբանական հարմարման, շեղվող (դևիանտ) և հակաիրավական: [3]
Մարդու վարքը ունի հետևյալ բնութագրիչները.
1. Մոտիվացիա- ներքին պատրաստակամություն, որը կապված է պահանջմունքների բավարարման և միջոցների կիրառման հետ:
2. Հարմարում-վարքի համապատասխան լինելը սոցիալական միջավայրի պահանջներին:
3. Վավերականություն- տվյալ անձի համար իր վարքի բնականությունը:
4. Արդյունավետություն- գիտակցված նպատակների հասկացումը:
5. Ակտիվության մակարդակ- էներգիա և նախաձեռնողականություն:
6. Հուզական դրսևորում:
7. Դինամիկություն (տեմպ):
8. Կայունություն- տարբեր իրավիճակներում հակազդումների կայունությունը:
9. Գիտակցում - իր վարքը բացատրելու կարողություն:
10. Կամային լինելը կամ ինքնավերահսկողություն:
11. Ճկունություն- վարքի փոփոխությունը որպես պատասխան միջավայրի փոփոխությանը: [2]
Նորմայից շեղումը լինում է՝ ֆիզիկական (առողջության հետ կապված), հոգեկան (ուղեղի զարգացման հետ պատայմանավորված՝ զարգացման ուշացում, մտավոր հետամնացություն), մանկավարժական (ժամանակին, տարիքին ոչ համապատասխան գիտելիքներ), սոցիալական (նորմերից և օրենքներից շեղում):
Ըստ որոշ գիտնականների՝ դևիանտ կարող է լինել ոչ միայն արարքը, այլ նաև մտքերը: Տարբերվում են առաջնային (տարբեր պատճառներով՝ անհատ, ապտսամբություններ, ինքնիրացում և այլն, ոչ նորմալ վարքն է) և երկրորդային (ինքն իր հաստատումն է որպես ոչ նորմալ վարքի տեր մարդ) դևիացիաներ: Տվյալ դեպքում մարդ հասարակության մեջ ինքն իրեն ընկալում է որպես դևիանտ. խոսքը գնում է ոչ թե առանձին արարքների, այլ կյանքի ոճի մասին:
Տարբերվում են դևիացիաներ նեղ և լայն իմաստով. նեղ իմաստով՝ այն այնպիսի շեղումների համակարգ է, որոնք իրավական պատիժների կարիք ունեն. լայն իմաստով՝ յուրաքանչյուր մարդու վարք է, որն շեղվում է նորմայից:
Շեղվող վարքի բաղադրիչներն են.
1. Մարդ, ում հատուկ է այդ վարքը:
2. Հասարակական նորմեր, սպասելիքներ, որոնք այն գնահատողներն են հանդիսանում:
3. Կազմակերպություններ կամ մարդկանց խմբեր, որոնք դատում և որոշում են արդյոք նորմալ է վարքը, թե ոչ:
Շեղումները դևիացիաներ են կոչվում և լինում են բացասական (ահաբեկիչներ, հանցագործներ, դավաճաններ և այլն) և դրական (գրողներ, մարզիկներ, ազգային հերոսներ և այլն): Նրանք կազմում են բնակչության մոտ 30%-ը (15%/15%), իսկ մյուսները՝ «միջինները»՝ 70%-ը: [2]
Դևիանտ վարքի տարատեսակներ են՝ հանցագործությունները, հարբեցողությունը, թմրամոլությունը, տոքսիկոմանիան, մարմնավաճառությունը, սեռական դևիացիաները և այլասերումները, ինքնասպանությունը, գեմբլինգը՝ խաղային կախվածություն (համակարգչային, ազարտային), կերակրային (անորեքսիան, բուլիմիան) կախվածությունը, կլեպտոմանիան (պաթոլոգիկ գողություն), աշխատանքամոլություն  և այլն: Յուրահատուկ ձևեր են՝ սև հումորը և դեռահասների վանդալիզմը (գրաֆֆիտի): Գոյություն ունեն նաև դևիանտ սուբկուլտուրաներ (խմբային մակարդակ): Օրինակ՝ կրիշնայիդնրը և թափառաշրջիկները: Նրանք ապրում են սոցիալապես տարբեր պայմաններում: [3]
Հեռուստաեթերն էլ իր հերթին իր էական ազդեցությունն ունի դևիացիաների առաջացման գործում: Իսկ ինչպե՞ս է իրականանում այդ ազդեցությունը:
Հեռուստաեթերը գիտության տեխնիկայի ոլորտ է, որը կապված է հեռավորության վրա և լայն զանգվածներին ինֆորմացիա հաղորդելուն: Եվ դա կատարվում է տարբեր ծրագրերի, ֆիլմերի և հաղորդումների միջոցով: Բացի հեռուստատեսությունից տեղեկատվական տեղեկատվություն է տարածվում նաև ռադիոյի, տպագրության (թերթեր ամսագրեր և այլն) միջոցով: Հեռուստաեթերը, ինչպես նաև տեղեկատվական նշված մյուս ձևերը հնարավորություն ունեն հասարակության լայն զանգվածներին ներկայացնել բառային հասկանալի և հուզականորեն հագեցած տեղեկատվություն:
Սրանք իրենց ազդեցությունն են ունենում անձի վարքի և հատկապես շեղվող վարքի ձևավորման վրա: Թիրախային խումբ, ում վրա հատկապես ուժեղ է ազդեցությունը, հանդես են գալիս երեխաները, դեռահասները, երիտասարդները: Քանի որ նրանք այն տարիքում են, երբ նոր են սկսում յուրացնել հասարարակական նորմերը, արժեքները, հետաքրքրությունները, ընտրում են իրենց համար էտալոններ, նմանեցման օրինակներ,  սովորում են վարքի, արարքների տարբեր ձևեր և պետք է հասկանան թե, վարքի որ տեսակն է ընդունելի հասարակության կողմից, որը՝ ոչ: Վարքի տարբերակի ընտրությունը կատարվում է ըստ այն սկբունքի՝ թե որն է ավելի հաջող տարբերակ իրագործելու և հեշտ նմանեկելու համար: Այսինքն՝ այս շրջանում է տեղի ունենում սոցիալիզացիան: Սոցիալիզացիայի վրա էապես ազդում են զանգվածային լրատվական բոլոր միջոցները և հատկապես տեռուստաեթերը: Քանի որ դրա միջոցով են ներկայացվում վարքի տարբեր մոդելներ: Արդյունքում ԶԼՄ-ները դառնում են հասարակության վարքի հզոր կարգավորիչներ:  [5]
Հեռուստաեթերի  երիտասարդների վարքի ձևավորման վրա ազդեցությունը կատարվում է մի խումբ բնութագրիչների հիման վրա.
1. Դեռահասի վարքի ոչ էֆֆեկտիվությունը, երբ նա հանդիպում է անհաջողությունների, հայտնվում է հոգեբանական դիսկոմֆորտային, ընկճված երբեմն նաև մեկուսացված վիճակում, այս դեպքերում նա սկսում է փնտրել վարքի նոր մոդելներ ինքնարտահայտման, ինքնադրսևորման համար:
2. Դրսևորվող վարքի վառ արտահայտվածությունը, գրավիչ, հաջողակ լինելը, հուզական երանգավորումը որը ընկալվում է որպես արդյունավետ տարբերակ ինքնադրսևորման համար:
3. Հեշտ է տվյալ վարքը կրկնօրինակվում: Ընդ որում կրկնօրնակելով վարքը տեղի է ունենում տվյալ վարքին բնորոշ արժեքների, նորմերի, հետաքրքրությունների, վերաբերմունքի ձևավորում:
Հեռուստաեթերը հանդիսանում է այն ձևը, որով ներկայացվում են վարքի դրսևորման տարատեսակներ: Պայմանականորեն կարող ենք առանձնացնել վարքի հստակ  դրսևորման դրական, բացասական, չեզոք: Բայց որպեսզի վարքի տվյալ ձևը իր ազդեցությունը թողնի հասարակության՝ երիտասարդության վրա անհրաժեշտ է որ այն ներկայացվի կերպարների կարգավորված, հաճախակի ներկայացումը, կերպարների (դրական և բացասական) բարձր սոցիալական արժեք ունենալը, տվյալ կերպարների միօրինակությունը և հստակությունը տարբեր հաղորդումների շրջանում: Առաջին երկուսը արտահայտվում են հստակ առանձնացված կերպարների միջոցով, որոնք իրենց ազդեցությունն են թողնում: Հատկապես կարևոր նշանակություն ունեն չեզոք կերպաները: Քանի որ նրանք ձևավորում են արժեքները, մոտիվացնում են  և կառուցում են կոնտեքստը, որում էլ ընկալվում են դրական, բացասական կերպարների արարքները:[4]
Շատ մեծ է հատկապես ֆիլմերի ազդեցությունը, քանի որ նրանք հարուստ են հուզական երանգավորմամբ և հստակ դրսևորվում են դրական, բացասական կերպերները: Ֆիլմերում իրադարձությունները, թեկուզ և սյուժեն կարող է վարցված լինել առօրյա կյանքից, բայց այն ներկայացվում է աղճատված տարբերակով ու իրադարձությունները հիմնականում բարեհաջող ավարտ են ունենում, ինչը կյանքում միշտ չէ որ այդպես է: Այդպիսով՝ աղճատվում է երեխայի, դեռահասի պատկերացումները կյանքի, վարքի մասին, նա ընկալում է այն ինչը որ տեսնում է գործող է, արդյունավետ և հեշտ է կրկնօրինակել:
 Անձը վարքի տիպը չի յուրացնում գիտակցական, ռացիոնալ վերլուծությունների միջոցով, նա անգիտակցաբար սկսում է կրկնօրինակել և հետևել այդ վարքին: Հեռուստաեթերի ազդեցությունը հատկապես երեխաների և դեռահասների վրա պայմանավորված է նրանով, որ էապես դրա միջոցով են երեխաների մոտ առաջանում  պատկերացումներ լավի-վատի, բարու-չարի, դաժանության  և այլնի մասին: Ընդ որում երեխան դեռ հստակ չի կարողանում տարվերակել դրաքն իրարից և յուրացում է այն ինչը մատուցվում է իրեն: Իսկ մատուցվում է իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված ձևերով: Արդյունքում երեխան յուրացնում է այն ինչ տեսնում է, ինչի հետևանքով էլ ձևավորվում է ագրեսիա:
Ագրեսիվ վարքը արարքները կամ խոսքերն են որոնք ուղղված են որևէ մեկին վնասելուն: Շեղվող վարքը վարքի այն ձևն է, որը չի համապատասխանում սոցիումում ընդունված նորմերին: 

 Այսպիսով՝ երեխաները դեռ չեն կարողանում և չգիտեն ինչպես կազմակերպել, կարգավորել իրենց վարքը, վերահսկել այն ու նրանք ունեն օգնության կարիք դա կատարելու հարցում: Բացի ընտանիքից, ծնողների օրինակից (որն էլ իր հերթին հնարավոր է որ լինի ոչ արդյունավետ, դրական ազդեցությունն չթողնող երեխայի վրա),  նրանց վարքի վրա էապես ազդում է հեռուստաեթերը, ինչն էլ հիմնական օրինակ է ծառայում վարքի կազմակերպման կառոուցման հարցում: Դիտարկելով մեր երկրի հեռուստաեթերը կարող ենք տեսնել, որ այն լի է ագրեսիա առաջացնող, բացական, հակաիրավական վարքի օրինակներով և այլ բացասական երանգավորմամբ հաղորդումներով, ծրագրերով, ֆիլմերով, որոնք իրենց էական ազդեցությունն են թողնում երեխաների վարքի վրա, նրանց խաղերը դարձել են ավելի ագրեսիվ բնույթի, բացական արարքներով, իսկ խաղը երեխայի մոտ վարքի մոդելավորում է: Այսինքն՝ կարող ենք ասել, որ երեխաների մոտ արդեն սկսում են դրսևորվել շեղվող վարք:   

Անի Մաջարյան

ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՑԱՆԿ

1.      Гидденс Э. -Социология, Едиториал УРСС, 1999. - 704 с.
2.      Змановская Е.В.-Девиантология:(Психология отклоняющегося поведения): Учеб.пособие для студ. высш. учеб. заведений.-2-е изд., испр.М.: Издательский центрАкадемия”, 2004. - 288с.
3.      Пягутин В.А.-Девиантное поведение несовершеннолетних: современные   тенденции-Москва: РОО <<Центр содействия реформе уголовного правосудия>>, 2010, 282 с.
4.     Цилуйко М. В. Влияние СМИ на формирование противоправного поведения подростков.

5.     Шерковин Ю. А. Психология проблемы массовых информационных процессов. –М., 1973.

Комментариев нет:

Отправить комментарий