пятница, 19 сентября 2014 г.

ՕԲՍԵՍԻՎ-ԿՈՄՊՈւԼՍԻՎ ԽԱՆԳԱՐՈւՄ /ԿՊՉՈւՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԵՎՐՈԶ/


Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (ՕԿԽ) իրենից ներկայացնում է կպչուն մտքեր, գործողություններ, որոնք չեն ենթարկվում գիտակցական Ես-ին: Եվ կպչուն մտքերի, գործողությունների հետ միասին կա վախի, տագնապի զգացողություն, որ եթե չարվի տվյալ գործողությունը կամ միտքը չլինի որևէ վատ բան տեղի կունենա:
Առաջին անգամ ՕԿԽ-ն նկարագրել է դեռևս 17-րդ դարում պրոֆեսոր Ֆելիկս Պլատերի, Բարտոնի: Իսկ «կպչուն վիճակներ» հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարում Բալինսկիյի կողմից: [4]
ՕԿԽ-ում առանձնացվում են օբսեսիաները (լատ. «obsessio»- շրջափակել, գրավել) և կոմպուկլիսաները ( լատ. «compulsio»- ստիպել, հարկադրել):
ՕԲՍԵՍԻԱՆԵՐԸ կպչուն մտքեր են, որոնք առաջանում են անկախ մարդու կամքից և նրա գիտակցական վերահսկողությանը չեն ենթարկվում: Հիմնականում ունենում են սեռական, ագրեսիվ ուղղվածություն, ինչպես նաև կարող են ունենալ կրոնական, սպանության, որևէ մեկին վնասելու և այլ ուղղվածություն: Կպչուն մտքերը շատ հաճախ վախեցնում են անձին և երբեմն կարող են ինքնասպանության վտանգ առաջացնել: [4]
  Կարելի է առանձնացնել օբսեսիաների հետևյալ տեսակները.
·         Հայհոյանքներ, որոնք անձի մետ կարող են առաջացնել հակասական հուզական վիճակ և նա ինքն իր համար կարող է դառնալ անկանխատեսելի:
·         Մտային «մաստակ»- կպչուն մտքեր կրոնական, էքզիստենցիալ, աշխարհի գոյության, վերջի հարցերի  վերաբերյալ: Անընդհատ առաջանում են կողմ և դեմ փաստարկներ, ինչպես նաև «խղճի խայթ», որ չի կատարվում կրոնական որոշակի գործողություն, և տանջող մտքեր՝ որ մեղավոր է, որ չի արել, որ մի վատ բան կլինի այդ պատճառով:
·         Օբսեսիվ կասկածներ- չի հիշում և կասկածում է որոշակի գործողությունների կատարման համար. օրինակ՝ կպչուն մտքեր արդյոք դուռը փակել է կամ ջուրը, գազը անջատված են և այլն:
·         Կպչուն մղումներ- շատ ուժեղ ցանկություն է առաջանում  անել վտանգավոր կամ հասարակայնորեն ոչ ընդունելի արարքներ: Օբսեսիայի այս տեսակը շատ ծանր է ապրվում անձի կողմից: Օրինակ՝ ծիծաղել թաղման ժամանակ, փողոցն անցնել ոչ ճիշտ տեղից, ցանկություն վազել մեքենայի առջև, վնասել երեխային, հարազատներից որևէ մեկին կամ ինքն իրեն  և այլն:
·         Օբսեսիվ պատկերներ- հստակ պատկերացվող բռնության, տրավմատիկ իրադարձությունների կամ զզվանք առաջացնող պատկերներ:[]
ԿՈՄՊՈւԼՍԻԱՆԵՐԸ- կրկնվող արտաքին գործողություններ են, որոնք ունեն կարծրատիպային բնույթ: Նրանք սուբյեկտի համար ունեն անհրաժեշտության զդացություն: Անձը ձգտում է կատարել այդ գործողությունները, որպեսզի ազատվի վախի, տագնապի զգացողություններից: Բայց միևնույն ժամանակ ձգտում է ազատվել դրանցից:[4]
 Առանձնացվում են կոպուլսիաների հետևյալ տեսակները.
·         Ստուգող ծեսեր- երբ անձը անընդհատ ստուգում է՝ օրինակ, փակել է դուռը կամ անջատել է գազը և այլն: Այս ծեսերը կապված են ապահովության զգացման հետ:
·         Հաշվելու ծեսեր- հաշվում են մտքում կամ բարձրաձայն: Հաշվելը կարող է կատարվել յուրահատուկ կերպով տվյալ անձի համար: Հաշիվը իր նշանակությունը ունի անձի համար: Հաճախ կատավոող ծեսերը կատարվում են հստակ քանակությամբ: Իսկ երբ հաշիվը խառնվում է սկսում են կրկին հաշվել ու անել գործողությունը սկիզբից:
·         Հագնվելու գործողություններ- անձը  հագնվում է կոնկրետ ձևով կամ նրա հագուստը պետք է կատարյալ ձևով դասավորված լինի պահարանում: [3]
Կոպուլսիաների արդյունքում կարող է առաջանալ օբսեսիվ դանդաղկոտություն. այսինքն, անընդհատ կրկնելով իր ծեսերը, կենտրոնանալով դրանց վրա, անձը սկսում է չհասցնել կատարել իր առօրյա գործողությունները:
Կոմպուլսիաները իրենցից ներկայացնում են ծեսեր: Որոնք տվյալ անձի  համար ունեն մոգական նշանակություն. անձը հավատում է, որ կատարելով այս կամ այն գործողությունները, իրեն կօգնի ազատվել անհանգտացնող մտքերից, վախերից և/կամ տագնապներից:  
            Կպչուն վիճակնրը հավաքագրված են և ICD-10-ում (Հիվանդությունների միջազգային դասակարգում (МКБ-10)) ներկայացված են F42 կոդով: [1]
ՕԿԽ անձիք բնութագրվում են մաքրասիրությամբ, բարեխղճությամբ, պեդանտիզմի հասնող պունկտուալությամբ, ամեն ինչում կատարելության ձգտմամբ:
Կանանց և տղամարդկանց մոտ ՕԿԽ-ի դրսևորումները գրեթե հավասար են: Կան որոշ անձնի տիպեր, որոնք ավելի են հակված այս անձնային խանգարմանը. օրինակ՝ անանկաստային անձնային տիպը: Ընդ որում պետք է տարբերակել անձնային խանգարումը ՕԿԽ-ից: Առաջին դպքում այն անձի տիպն է, և դրսևորվում է անձի կյանքի բոլոր ոլորտներում, իսկ ՕԿԽ-ն դրսևորվում է  ունի որոշակի ուղղվածություն դեպի որևէ թեմա (օրինակ՝ սեռական, կրոնական կամ այլ որևէ ոլորտ):
  Խանգարումը որպես այդպիսին կարող է ախտորոշվել դեռահասությունից հետո՝ հասուն տարիքում: Քանի որ մանկության շրջանին բնորոշ են կրկնվող գործողություններ կատարելը:
ՕԿԽ-ի բուժման համար կիրառվում է դեղորայքային բուժումը, քանի որ խանգարման ժամանակ բացահայատվել են միջնորդանութեր և ուղեղի նյութի որոշակի փոփոխություններ: [2]
Հոգեբանական ուղղություններից արդյունավետ են կոգնիտիվ- վարքաբանական և  հոգեվերլուծական դպրոցները: Յուրաքանչյուր դեպքում հոգեթերապիան ուղղված է հիվանդի կողմից սիմպտոմների, ծեսերի հասկացմանը և դրանց փոփոխությանը: [3]

Անի Մաջարյան

Գրականություն

1.      Международная статистическая классификация болезней. www.slovar.com.ua
2.      Р. Телле “Психиатрия”. Минск 1999.
3.      Рональд Комер. “Основы патопсихологии”. http://koob.ru

4.      Ю.В.Каннабих “ИСТОРИЯ ПСИХИАТРИИ”: Государственное медицинское издательство, 1928.  

Комментариев нет:

Отправить комментарий