Ըստ
Կարլ Ռոջերսի՝ այցելուակենտրոն մոտեցումը հիմնվում է չորս հիմնական սկզբունքների վրա:
1. «Կոնգրուենտություն»-տերմին
է, որը կիրառվում է հստակորեն բնորոշելու մարդկային փորձն ու դրա գիտակցումը: Դա նշանակում
է, որ մարդ պետք է այնքան իմանա սեփական զգացմունքները, որպեսզի որևէ մեկի հանդեպ չցուցաբերի
մի վերաբերմունք, սակայն ավելի խորը կամ ենթագիտակցական մակարդակում այլ բան զգա: Շիտակությունը
ներառում է բառերում ու վարքում սեփական տարբեր զգացմունքները ու վերաբերմունքները
արտահայտելու ցանկություն: Հետազոտությունները ցույց են տվել, որ հենց կոնգրուենտության
հատկությունն է հանդիսանում հաջող հոգեթերապիայի գրավական: Որքան ավելի անկեղծ ու կոնգրուենտ
է թերապևտն իր այցելուի նկատմամբ, այնքան ավելի հավանական է, որ այցելուի անձի կառուցվածքում
փոփոխություն տեղի կունենա:
2.
Սեփական
անձի ընդունում այնպես, ինչպես այն կա-«Լինել այն, ինչ դու կաս,
նշանակում է ամբողջությամբ պրոցես դառնալ»: Միայն այն դեպքում, երբ մարդը կարողանում
է դառնալ այն, ինչ իրականում կա, ընդունել այն, ինչ նա մերժում է իր մեջ, փոփոխության
հույս է ծագում: Որքան մարդն ընդունակ է իր զգացմունքներին թույլ տալ պատկանել իրեն
ու ազատորեն հոսել, այնքան ավելի հստակ տեղ են
դրանք զբաղեցնում զգացմունքների ընդհանուր ներդաշնակ համակարգում: Որպեսզի սեփական
անձն ընդունվի այնպես, ինչպես կա, Ռոջերսն առաջարկում է մի քանի կանոն: Առաջին՝ «Հնարավորինս
հեռու «պետք է» արտահայտությունից»: Երկրորդ՝ «Հնարավորինս հեռու սպսումներին համապատասխանելուց»:
Երրորդ՝ «Սեփական «Ես»-ի հանդեպ հավատ»: Չորրորդ՝ «Սեփական անձի հանդեպ դրական վերաբերմունք»:
3. Այլ մարդու ընդունում-Որքան ավելի շատ ես ընդունում այլ մարդու, որքան ավելի շատ է նա դուր գալիս
քեզ, այնքան ավելի ընդունակ ես դառնում ստեղծելու առողջ հարաբերություններ: Ընդունում
ասելով՝ նշանակում է այլ մարդու ընդունել որպես արժեք՝ անկախ նրա վիճակից, վարքից
կամ զգացմունքներից: Այլ մարդու ընդունելը, հասկանալը իսկապես շատ դժվար է: Դա
անելը շատ ավելի դժվար է, եթե ուրիշները քեզ չեն հասկանում, ատում են և անգամ
ուզում են ոչնչացնել:
4. Էմպաթիկ հասկացում- նշանակում է «հասկանալ այլ մարդու վախը, զայրույթը կամ շփոթմունքը, իբրև թե
դրանք հենց քոնն են, սակայն դրանք չխառնելով քո սեփական վախերին, զայրույթին կամ
շփոթմունքին»: Հաջող հոգեթերապիայի հիմնաքարային հասկացությունը ներկայացվում է
հենց այս որակով, քանի որ միայն էմպաթիկ հասկացման դեպքում հոգեթերապևտը կարող է
աջակցել այցելուին՝ հաղաթահարելու նրա խնդիրները: Այլ մարդուն հասկանալը
հարստացնում է թերապևտին երկու առումներով: Տարբեր խնդիրներ ունեցող այցելուների
հետ աշխատելիս թերապևտն ամեն անգամ հարստացնում է ինքն իրեն: Նրանց խնդիրների հետ
առնչվելիս թերապևտի անձը զարգանում է՝ դառնալով ավելի նուրբ ու խնդիրներին ավելի
նուրբ հակազդումներ տվող: Եվ այդ դեպքում կարևոր է այն, որ այդ հասկացումն
այցելուներին փոխվելու հնարավորություն է տալիս: Եթե թերապևտն ընդունում է
այցելուի խնդիրը, ապա այն ընդունելի է դառնում նաև հենց այցելուի համար և այդ
դեպքում փոփոխությունը գրեթե անխուսափելի է:
Комментариев нет:
Отправить комментарий