понедельник, 29 сентября 2014 г.

Էթնիկ և ազգային մշակույթ


Քանի որ «Անիմա» հոգեբանական ծառաությունների ու հետազոտության կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստան հայրենադարձված սիրիահայերի, ուկրաինահայերի ու իրաքահայերի հոգեբանական խնդիրներին ու տրամադրում է հոգեբանական աջակցություն՝ կապված պատմական հայրենիքում ադապտացվելու, սոցիալական, քաղաքական ու մշակութային կյանքում ներգրավվելու, նրանց հոգեբանական խնդիրները հաղթահարելու հետ, ապա հարկ ենք համարում անդրադառնալ «էթնիկ» ու «ազգային» մշակույթ հասկացություններին՝ նկատի ունենալով հայկական մշակութային դրսևորումների առանձնահատկությունները:

Էթնիկ և ազգային մշակույթ հակացությունները.դրանց ընդհանրություններն ու տարբերություններ
Մշակութային տիպաբանության կառուցման համար կարևոր է որոշարկել էթնիկական և ազգային մշակույթ հասկացությունները: Այդ հասկացությունները հաճախ կիրառվում են որպես հոմանիշներ: Սակայն մշակութաբանությունում դրանք ունեն տարաբնույթ բովանդակություն: Էթնիկ մշակույթը այն մարդկանց մշակույթն է, որոնք կապված են ընդհանուր ծագմամբ և համտեղ իրականացվող տնտեսական գործունեությամբ: Այն փոփոխվում է մի տեղանքից դեպի մյուսը: Տեղական սահմանափակությունը, հստակ տեղայնացումը, համեմատաբար սահմանափակ տարածքին հարմարվելը մշակույթի այս տիպին բնորոշ գծերից է: Էթնիկ մշակույթը հիմնականում ներառում է կենցաղի ոլորտը, սովորույթները, հագուստի առանձնահատկությունները, ֆոլկլորը և ժողովրդական ասացվածքները և այլն: Յուրաքանչյուր ազգ ունի իր էթնիկ սիմվոլները` ճապոնացիները` կիմոնո, շոտլանդացիները` վանդակավոր կիսաշրջազգեստ: Էթնիկ մշակույթում գերակշռող ուժեր են ավանդույթները, սովորությունները, սովորույթները, որոնք ընտանեկան կամ փոքր խմբի մակարդակում փոխանցվում են սերնդեսերունդ: Տվյալ պարագայում մշակութային հաղորդակցման որոշիչ մեխանիզմ է հանդիսանում կողք կողքի ապրող սերունդների  անմիջական շփումը: Ժողովրդական մշակույթի էլեմենտներից են ծեսերը, սովորույթները, առասպելները, հավատալիքները, լեգենդները, ֆոլկլորը. դրանք պահպանվում և փոխանցվում են տվյալ մշակույթի սահմաններում յուրաքանչյուր մարդու անմիջական բնական ընդունակությունների` հիշողության, բանավոր խոսքի և կենդանի լեզվի, բնածին լսողության և օրգանական պլաստիկայի  միջոցով: Նմանատիպ մշակույթը տրանսլյացիայի կարիք չունի և ինչ որ առումով համարվում է նախագրային մշակույթ: Էթնիկ մշակույթը ինչ որ առումով կարելի է նաև նույնականացնել ‘’բնական տնտեսությանը’’, որն ունի կոլեկտիվ, համայնախմբային  անմիջական բնույթ: Էթնիկ մշակույթը զերծ է հեղինակներից, այն անանուն է: Ոչ ոք չգիտի` ով է մեզ հասած հնագույն առասպելների և բանահյուսության հեղինակները:
Էթնոսի մշակույթը մի կողմից ապահովում է նրա` որպես համակարգի, ամբողջությունն ու ստաբիլությունը, գոյատևումը, այսինքն կատարում է ինտեգրատիվ գործառույթ: Մյուս կողմից այդ մշակույթի էլեմենտներն ունեն ‘’երկրորդ կյանք’’ , քանի որ կատարում են դիֆերենցացնող ֆունկցիա` հակադրելով մի կոլեկտիվը մյուսին և հիմք դառնալով ‘’մենք’’ և ‘’նրանք’’ հասկացություններին: Դիֆերենցիացիայի պահանջը հանգեցնում է նրան, որ որևէ բաղադրիչ վեր է ածվում հիմնական էթնիկ տարբերանշանի, օրինակ` լեզուն, կրոնը, գեղարվեստական մշակույթը:
Հարկ է տարբերակել նաև ազգային մշակույթը: Ազգային մշակույթը միավորում է մարդկանց, ովքեր ապրում են մեծ տարածքներում և պարտադիր չէ, որպեսզի նրանք կապված լինեն արյունակցական կապերով: Ազգային մշակույթի գոյատևման պայման է հանդիսանում գրային համակարգի ստեղծումը: Հենց գրային համակարգն է, որ նպաստում է մտքերի և սիմվոլների տարածմանը բնակչության գրագետ մասի մոտ, որը նպաստում է ազգային միասնականությանը: Գրավոր մշակույթը կարծես ընդդիմանում է խոսակցական կենդանի լեզվի տարերքին, դրա տեղական բարբառներին և սեմանտիկ տարբերություններին: Ազգային մշակույթի ծագման մասին նախ և առաջ դատում ենք գրավոր խոսքի և ազգային գրականության առաջացման փաստից: Որպես կանոն, ազգային մշակույթը զերծ է պաշտամունքային բնույթից և մեծամասամբ հանդիսանում է անհատական ստեղծարարության արդյունք: Ազգային մշակույթն, ընդհանուր առմամբ, ստեղծվում է ոչ թե ողջ էթնոսի, այլ հասարակության կիրթ մասսայի կողմից: Ազգային մշակույթի ներքին կառուցվածքն ու կազմավորումը շատ ավելի բարդ է, քան էթնիկ մշակույթինը: Ազգային մշակույթը ավանդական կենցաղային մակարդակին զուգահեռ անդրադառնում է նաև մասնագիտական մշակութային ոլորտին, առօրյա ոլորտներից բացի նաև մշակույթի հատուկ ճյուղերին` գրականությանը, փիլիսոփայությանը, գիտությանն ու իրավունքին ևս: Բացի այդ մերօրյա ազգային մշակույթները ներառում են տարբեր էթնիկ խմբեր`իենց բնորոշ առանձնահատկություններով: Սակայն ազգային մշակույթը պարզապես էթնիկ մշակույթների մեխանիկական հանրագումար չէ: Այն ունի իր առանձնահատուկ մշակութային գծերը, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ բոլոր էթնիկ մշակույթները գիտակցում են իրենց` այդ նոր ազգին պատկանելու գիտակցում:
            Ազգը  ի համեմատ էթնոսի առավել բարձր կարգի գոյացություն է: Այստեղ հաղորդակցման առավել բարձր մակարդակ է դիտվում: Հենց այս հանգամանքն էլ հանգեցնում է ընդհանուր աղգային լեզվի ձևավորմանը, որը տարածվում է ինչպես գեղարվեստական գրականության, այնպես էլ պարբերականների, դպրոցների, բառարանների և հանրագիտարանների միջոցով: Դա նպաստում է ազգաբնակչության տարասեռության, ներքին սահմանների, տեղաբնակների և միգրանտների միջև տարբերությունների հաղթահարմանը: Առաջանում է փոխըմբռնման և ընդհանուր ծահերից բխող գործունեության կազմակերպում: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է լեզուն` իր բառապաշարային տարբերություններով և արտահայտչամիջոցներով, բայց միրնույն ժամանակ իր միավորող ֆունկցիայով: Լեզուն դառնում է ազգային մշակույթի ինտեգրման կարևորագույն միջոց:

Էթնիկ և ազգային մշակույթների միջև փոխհարաբերությունները բավականին բարդ և հակասական են: Էթնիկ մշակույթը ազգային լեզվի, սյուժետների և արվեստի կերպարների առաջացման աղբյուր է: Սակայն էթնիկ մշակույթը կոնսերվատիվ է. նրան օտար են փոփոխությունները: Մինչդեռ ազգային մշակույթն անընդհատ փոփոխվում է և իր մեջ պարունակում դինամիկ տարր: Եվ որքան ազգային մշակույթը այլ մշակույթների նկատմամբ բաց է և առկա է մշակութային երկխոսության տարրը, այնքան այն հարուստ է և բարձր: Եվ եթե էթնիկ մշակույթները ձգտում են պահպանել  մշակույթի տեղային առանձնահատկությունները, ապա ազգային մշակույթը ջանում է չեզոքացնել դրանք: Բացի այդ մինչև որոշակի ժամանակահատված ազգային մշակույթը կարող է օտար և անհասկանալի լինել  ժողովրդին, չնայած որ ազգային մշակույթի կերտողները հաճախ խոսում են հենց ժողովրդի անունից, օգտվում ժողովրդական իմաստության և փորձի գանձարանից . այնուամենայնիվ ժողովրդի և ազգային մշակույթ կերտողների միջև հեռավորությունը շատ մեծ է: Հնարավոր է որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ազգային մշակույթն արդեն ձևավորված լինի, իսկ ազգ որպես այդպիսին դեռ գոյություն չունենա: Նման դեպքերում ազգը հանդես է գալիս որպես իդեալ, ապագա ազգի տեսլական, սակայն ոչ իրականություն: Ազգային և էթնիկ մշակույթների միջև անջրպետը նախ և առաջ հաղթահարվում է ժողովրդի լուսավորման և կրթության և համընդհանուր գրագիտության միջոցով: Ազգային մշակույթը յուրացնելու հարցում բացի կրթությունից այսօր կարևոր դեր են  խաղում նաև զանգվածային լրատվամիջոցները, ինչպես նաև մշակութային զանազան ինստիտուտներ:

Комментариев нет:

Отправить комментарий