Երկբևեռ խանգարումը, որը
հայտնի է նաև որպես մնիակալ-դեպրեսիվ պսիխոզ, հոգեկան հիվանդություն է, որը
բնորոշվում է տրամադրության ատիպիկ փոփոխություններով, էներգիայի և գործառելու
կարողության վայրիվերումներով: Ի տարբերություն տրամադրության նորմալ փոփոխության,
երկբևեռ խանգարման ախտանիշները կարող են բավականին լուրջ հետևանքների հանգեցնել:
Դրանք կարող են քայքայել անձնական հարաբերությունները, ազդել աշխատանքի որակի կամ
սովորելու մակարդակի վրա և, անգամ, հասցնել ինքնասպանության: Բարեբախտաբար, հիվանդությունը բուժման ենթակա է
և հիվանդները կարող են վարել լիարժեք ու արդյունավետ կյանք:
Ամեն տարի մոտ 5,7 մլն
մեծահասակ ամերիկացիների, կամ 18-ից բարձր տարիքի բնակչության 2,6 %-ի մոտ ախտորոշվում
է «երկբևեռ խանգարում»: Այն հիմնականում դրսևորվում է ուշ դեռահասության կամ վաղ
հասունության տարիքում: Սակայն որոշ դեպքերում ախտանիշները կարող են ի հայտ գալ
նաև մանկական տարիքում կամ կյանքի ուշ փուլերում: Ինչպես դիաբետը կամ
սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, այնպես էլ երկբևեռ խանգարումը քրոնիկ
հիվանդություն է:
Մանիակալ դեպրեսիան
խախտում է տրամադրության ու մտքերի նորմալ ընթացքը, հանգեցնում է ոչ ադեկվատ
վարքի, խաթարում է ռացիոնալ մտածողության հիմքերն ու բավականին հաճախ քաքայում է
ապրելու ցանկությունն ու կամքը: Իր բնույթով հիվանդությունը օրգանական է, սակայն
այն ընթանում է որպես հոգեբանական խանգարում:
Երկբևեռ խանգարման ախտաիշները
Երկբևեռ խանգարումը տրամադրության հանկարծակի փոփոխության պատճառ է: Հիվանդի
տրամադրությունը կարող է հանկարծակի գերգրգռվածից անցում կատարել խաղաղ ու
անօգնական վիճակի, հետո կրկին վերադառնալ ելակետայի վիճակին, իսկ այդ վիճակների
միջակայքում տրամադրությունը կարող է կարգավորվել: Տրամադրության նման
հաջորդականությունը հաճախ ուղեկցվում են էներգետիկայի ու վարքի նշանակալի փոփոխութուններով:
Գրգռված ու պասիվ վիճակների շրջանները կոչվում են «մանիայի ու դեպրեսիայի
էպիզոդներ»:
Մանիակալ էպիզոդի
ախտանիշներն ու նախանշանները.
- Էներգետիկ տոնուսի ավելացում, ակտիվություն ու
անհանգստություն,
- Անհավանական գրգռվածություն, գերլավ, էյֆորիկ
տրամադրություն,
- Բարձր գրգռողականություն,
- Մտքերի անկանոնություն ու խոսքի արագ տեմպ, մի
գաղափարից մյուսին թռիչքային անցումներ,
- Կենտրոնանալու անկարողություն,
- Քնելու պահանջմունքի նվազում,
- Սեփական կարողությունների ու
ընդունակությունների նկատմամբ չհիմնավորված վստահություն,
- Իրավիճակի ոչ ադեկվատ գնահատական,
- Շռայլություն, զեխություն,
- Երկարատև ժամանակահատված, երբ վարքը կտրուկ
տարբերվում է նորմալից,
- Բարձր սեռական ակտիվություն,
- Թմրանյութերի, հատկապես՝ կոկաինի, ալկոհոլի ու
անքնության դեմ դեղահաբերի օգտագործում,
- Սադրիչ, ագրեսիվ կամ հանգիստ չտվող վարք,
- Հերքում, որ որևէ բան այնպես չէ:
Մանիակալ էպիզոդը
ախտորոշում է դառնում, երբ գրգռված վիճակը, որն ուղեկցվում է ևս երեք կամ ավելի
ախտանշաններով, գերակշռում է օրվա մեծ մասի ընթացքում, կրկնվում է գրեթե ամեն օր՝
մեկ շաբաթվա կամ ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում:
Դեպրեսիվ էպիզոդի
ախտանիշներն ու նախանշանները.
- Տխրության, տագնապի կամ դատարկության զգացումի
շարունակական վիճակ,
- Վատատեսության կամ անհուսության զգացում,
- Մեղքի զգացում, անպետքության կամ
անօգնականության զգացում,
- Նախկինում հետաքրքրող ու հաճույք պատճառող
զբաղմունքների, այդ թվում՝ սեքսի, նկատմամբ անտարբերություն,
- Էներգիայի մակարդակի նվազում, մշտական
հոգնածության զգացողություն կամ «արգելակվածություն»,
- Խնդիրներ կենտրոնանալու, հիշողության կամ
որոշման կայացման հետ,
- Անհանգստություն կամ գրգռողականություն,
- Քնկոտություն կամ անքնություն,
- Ախորժակի փոփոխություն և/կամ քաշի ոչ
կանխամտածված ավելացում կամ նվազում,
- Քրոնիկ ցավեր կամ վատ ինքնազգացողության այլ
չդադարող ախտանշաններ, որոնք ֆիզիկական հիվանդության կամ տրավմայի արդյունք
չեն,
- Մահվան կամ ինքնասպանության մասին մտքեր,
ինքնասպանության փորձեր:
Դեպրեսիվ էպիզոդը
ախտորոշում է դառնում, երբ հինգ կամ ավելի ախտանշաններ դրսևորվում են օրվա մեծ
մասի ընթացքում, գրեթե ամեն օր՝ մեկ կամ երկու շաբաթների ընթացքում:
Երկբևեռ խանգարումը միշտ չէ, որ կապված է հոգեկան հիվանդության հետ: Դրա
պատճառ կարող են հանդիսանալ ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահումը, ուսման
մեջ կամ աշխատավայրում
անհաջողությունները, բարդ միջանձնային հարաբերությունները:
Երկբևեռ խանգարման
ախտորոշում
Ինչպես և մյուս
հոգեկան հիվանդությունները, երկբևեռ խանգարումն անհնար է ախտորոշել
հետազոտության ֆիզիոլոգիական մեթոդների
միջոցով, ինչպիսիք են արյան անալիզը կամ գլխուղեղի սքանավորումը: Այս հիվանդության
ախտորոշումը տեղի է ունենում ախտանշանների, հիվանդության պատմության և,
հնարավորության դեպքում, ընտանիքի պատմության հիման վրա:
Ահա թե ինչպես են
իրենց վիճակը նկարագրում երկբևեռ խանգարումով հիվանդ անձինք:
Դեպրեսիա- «Ես բացարձակապես չեմ հավատում, որ կարող եմ որևէ բան ճիշտ անել:
Այնպիսի տպավորություն է, որ մտքերիս ընթացքն անընդհատ դանդաղում է, մինչև որ ի
վերջո հասնում եմ լիակատար ընդարմացման վիճակի...Ինձ հետևում են...Ամեն ինչից լակատար
անօգնականության զգացում ունեմ... Ոմանք ասում են, որ սա ժամանակավոր երևույթ է,
որ կանցնի ու ես ինձ ավելի լավ կզգամ, սակայն նրանք պատկերացում անգամ չունեն, թե
ես ինչ եմ զգում: Եթե ես չեմ կարող զգալ, շարժվել, մտածել կամ ցանկանալ, այդ
դեպքում ինչի՞ է այս ամենը պետք»:
Հիպոմանիա-«Սկզբում, երբ ես գրգռված եմ, դա ուղղակի հրաշալի է... գաղափարները
փայլատակում են մեկը մյուսի հետևից...կարծես նայում ես թափվող աստղերի՝ սպասելով
տեսնել ամենավառը...Ամաչկոտությունը մի կողմ է կորում և անհրաժեշտ բառերն ու
ժեստերը ինքնաբերաբար ի հայտ են գալիս... Նախկինում քիչ հետաքրքրություն
ներկայացնող մարդիկ ու իրադարձություններն անհավատալիորեն հետաքրքիր են դառնում:
Քեզ տիրում են անհաղթահարելի ցանկությունները, ցանկանում ես գայթակղել ու
գայթակղված լինել...Մինչև մազերիդ ծայրը լի ես թեթևությամբ, ուժով,
ամենակարողության ու էյֆորիայի զգացողությամբ...Կարող ես անել այն ամենը, ինչ
ուզում ես... Սակայն գալիս է մի պահ, երբ այդ ամենն ավարտվում է...»:
Մանիա-«Մտքերը ինչ-որ չափազանց արագ են ի հայտ գալիս ու դրանք չափից ավելի
շատ են դառնում...Մտքերի պարզությունը փոխվում է լիակատար անորոշության վիճակի...
Անընդունակ ես դառնում հետևելու այդ ամենին, հիշողությունը սկսում է
«դավաճանել»...Թունավոր հումորդ դադարում է ուրախացնել: Ընկերներդ սկսում են
վախենալ...իսկ դու ինքդ տեղդ չես գտնում...բառացիորեն ամեն բան նյարդայնացնում է,
զայրացնում, վախեցնում, դառնում ես անվերահսկելի ու քեզ թակարդում ես զգում»:
Ինքնասպանություն
Երկբևեռ խանգարում ունեցող որոշ հիվանդներ հակված են ինքնասպանության:
Կյանքն ինքնասպանությամբ ավարտելու ռիսկը բավականին բարձր է հիվանդության նախնական
փուլում: Այսպիսով, երկբևեռ խանգարման վաղ ախտորոշումը ու դրա բուժման արդյունավետ
մեթոդների որոշումը կարող են նվազեցնել ինքնասպանության հավանականությունը:
Սուիցիդալ
մտադրություն ունեցողներին բնորոշ ախտանիշներ.
- Սուիցիդալ մտադրությունների կամ մահվան
ցանկության մասին խոսակցություններ,
- Հուսալքության զգացում, զգացում, որ ոչինչ երբեք
չի փոխվի ու ավելի լավը չի դառնա,
- Անօգնականության զգացում. ինչ էլ որ մարդ անի,
ոչինչ չի կարող օգնել,
- Ընտանիքի կամ ընկերների համար բեռ լինելու
զգացում,
- Ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում,
- Գործերի կարգավորում՝ մահվան նախապատրաստվելով,
- Հետմահու երկտողի շարադրում,
- Վնասվելու ձգտում, այնպիսի իրավիճակներում
հայտնվելու մղում, որտեղ վնասվելու հավանականությունը մեծ է:
Երկբևեռ խանգարման
պատճառները
Երկբևեռ խանգարման
ծագման պատճառները կարող են բազմազան լինել և հիվանդության ծագման ու զարգացման
հարցում նշանակալի կարող են լինել բազմաթիվ գործոններ:
Քանի որ երկբևեռ
խանգարումն ընտանիքում դրսևորվելու միտում ունի, գիտնականները փորձում են
հայտնաբերել սպեցիֆիկ գեներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ և կարող են
բարձրացնել հիվանդության զարգացման հավանականությունը: Սակայն խնդիրը միայն գեների
մեջ չէ: Գիտնականները կարծում են, որ հիվանդության զարգացման համար, ամենայն
հավանականությամբ, պտասխանատու է գեների մի խումբ, այլ ոչ թե առանձին գեն: Գեների
այդ խումբը կոմբինացվում է մարդու անհատական ու շրջակա միջավայրի այլ գեների հետ՝
պատճառ հանդիսանալով հիվանդության զարգացման:
Комментариев нет:
Отправить комментарий