Անպտղությունը դատավճիռ չէ. հայ հոգեբաններին հաջողվում է բուժել երկրորդային անպտղությունը
Կանանց ճնշող մեծամասնությունը երազում է երեխա ունենալ, սակայն ոչ բոլորին է հաջողվում իրականացնել իրենց երազանքը: Այն դեպքում, երբ շատերը փորձում են անհաջող կերպով լուծել անպտղության խնդիրը բժշկության օգնությամբ, իսկ ոմանք անգամ դիմում են «գերբնական» մեթոդների` հաճախ դառնալով խաբեբաների զոհ, հայ հոգեբանները պնդում են, որ երկրորդային անպտղությունը հնարավոր է բուժել հոգեբանական մեթոդներով: ԵՊՀ-ի սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, «Անիմա» հոգեբանական ծառայությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վլադիմիր Միքայելյանը «ԱՌԿԱ Style»-ին պատմել է այդ ոլորտի ձեռքբերումների մասին:
- Պրն. Միքայելյան, խնդրում եմ պատմեք, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել մշակել նման մեթոդաբանություն, և ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
Միքայելյան – Կլինիկական հոգեբանության մեջ լուրջ ուղղվածություն կա՝ հոգեսոմատիկա, որը դեռ մինչև վերջ ուսումնասիրված չէ: Ժամանակակից աշխարհում բազմաթիվ բժիշկներ և հոգեբաններ սկսել են շատ մեծ ուշադրություն դարձնել հոգեսոմատիկային, քանի որ հենց դա է մեր ապագան: Մեր կենտրոնը մասնագիտանում է հոգեսոմատիկ ուղղվածության ուսումնասիրման մեջ և դրանով զբաղվում է գործնականորեն: Մեր կարծիքով՝ ցանկացած հիվանդություն սկզբում ձևավորվում է հոգեկան, անգիտակից մակարդակում, իսկ հետո արդեն դրսևորվում է օրգանիզմի վրա: Քանի դեռ մենք չենք տեսնում այդ կապը, չենք կարող օգնել մարդուն: Իհարկե, կարելի է մարդուն բուժել դեղորայքի օգնությամբ, սակայն մենք չենք ոչնչացնի հիվանդության սկզբնական պատճառը և մշտապես կբախվենք այդ հիվանդության հետ:
Առողջությունը հոգեկանի և սոմատիկայի միջև հավասարակշռությունն է, և երբ այս ոլորտներից մեկը խախտվում է, տեղի է ունենում խափանում: Ընդհանրապես նորմալ հոգեսոմատիկ վիճակն իրենից ներկայացնում է հիվանդ և առողջ գործընթացների որոշակի հավասարակշռություն: Մարդը լինում է լիովին առողջ միայն անատոմիայի դասագրքում, սակայն այնտեղ նա դեռ մարդ չէ: Ժամանակակից բժշկությունը, անկասկած, մեծ ձեռքբերումներ ունի, ոչ ոք դրա հետ չի վիճում: Սակայն գոյություն ունի մեկ էական թերություն՝ բժշկությունն ապանձնավորված է, այն օրգանիզմում հոգեկանը չի տեսնում: Չէ՞ որ բուժում են ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին, և հենց այդ հիվանդին էլ չեն տեսնում: Իսկ մարդուն չի կարելի դիտարկել միայն որպես օրգանիզմ, քանի որ նա հոգեկան աշխարհ ունի: Մեծանուն գիտնական Կառլ Գուստավ Յունգը ասել է, որ մարդու մոտ առողջական խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ մարդու հոգին և մարմինը ցրեցին տարբեր ֆակուլտետներով:
Իրականում դեռ Հին Եգիպտոսում և Հունաստանում օրգանիզմն ու հոգեկանը դիտարկում էին որպես մեկ ամբողջություն, սակայն որքան առաջ է ընթանում քաղաքակրթության զարգացումը, այնքան ավելի շատ են իրարից բաժանվում հոգին և մարմինը: Բնականաբար, մենք երկար տարիներ փորձում էինք գտնել խնդրի լուծումը, և մեզ հաջողվեց Յունգի հոգեթերապիայի հիման վրա ստեղծել մեր մոտեցումը հոգեսոմատիկ հիվանդությունների նկատմամբ: Մենք որոշեցինք փորձարկումներ անցկացնել, որոնք բացարձակապես ոչ մի վնաս չեն հասցնում հիվանդների առողջությանը հոգեսոմատիկայի ոլորտում: Մեր առաջին փորձարկումները վերաբերում էին «Չիկագոյի յոթնյակ» անունով հայտնի հիվանդություններին` յոթ հիվանդություններ, որոնք սկզբում համարվում էին հոգեսոմատիկ: Իհարկե, այսօր գիտությունն առաջ է անցել, և համարվում է, որ բոլոր հիվանդությունների 90 տոկոսը հոգեկան ծագում ունեն: Սկզբում մենք սկսեցինք աշխատել խոցային խնդիրների հետ, հետո սկսեցինք ուշադրություն դարձնել ալերգիկ հիվանդություններին: Այսպես` հիվանդների հետ աշխատանքի երկու դեպքում էլ մեզ մոտ դրական դինամիկա է արձանագրվել: Միաժամանակ այդ մարդիկ դեղորայքային բուժում են ստացել, սակայն ալերգիան կրկին վերադարձել է: Մեզ հաջողվեց գտնել ալերգիայի առաջացման հոգեբանական առաջնային պատճառը և վերացնել այն:
- Ի՞նչ հոգեսոմատիկ հիվանդություններ եք հանդիպել Ձեր պրակտիկայում, բացի թվարկածները:
Միքայելյան – Մենք ունեցել ենք ստամոքսի խոցի և ալերգիայի, միգրենի և գլխացավերի դեպքեր, հիպերտոնիկ և հիպոտոնիկ հիվանդությունների դեպքեր: Իհարկե այն, որ մեր մեթոդաբանությունը նախորդ դեպքերում դրական արդյունքներ տվեց, մի կողմից վախեցրեց մեզ, սակայն մյուս կողմից` ոգևորեց: Տեսնելով մեր մեթոդաբանության դրական արդյունքները` մենք հեռու գնացինք և որոշեցինք անդրադառնալ անպտղությանը: Անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային, և մեր դեպքում խոսքը միայն երկրորդային անպտղության մասին է:
Առաջնային անպտղության դեպքում կնոջ վերարտադրողական օրգանները գրեթե չեն գործում, իսկ երկրորդային անպտղության դեպքում կնոջ օրգանիզմն աշխատում է, սակայն հղիություն չի գրանցվում: Մենք հասկացել ենք, որ այստեղ գոյություն ունեն հոգեբանական գործոններ: Այսօր մեզ մոտ յոթ-ութ տարում գրանցվել է հղիության արդեն ութերորդ դեպքը երկրորդային անպտղության դեպքում: Այս ժամանակահատվածում մենք կազմել ենք հիվանդության հայեցակարգը, վերլուծել ենք իրավիճակը, աշխատել ենք հիվանդների հետ:
Ցանկանում եմ նշել,որ Կառլ Յունգի մշակած ակտիվ երևակայության մեթոդը ժամանակակից աշխարհում մեծ ճանաչում է վայելում: Աշխատանքի ժամանակ մենք հասկանում ենք, որ գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք արգելափակում են հղիությունը հոգեբանական մակարդակում, այն դեպքում, երբ կինն անգամ չի կասկածում այդ մասին:
- Որո՞նք են նման արգելափակման ամենատարածված պատճառները:
Միքայելյան – Պատճառները չափազանց անձնական են և անհատական: Այս պահին նպատակահարմար չէ նշել այդ պատճառները, քանի որ ցանկացած ընթերցող կսկսի վերագրել դրանք իրեն, այն դեպքում, երբ իրականում նա նման խնդիրներ չունի: Այդ պատճառով, ելնելով մեր մասնագիտության էթիկայից, որը կարևոր է իրեն հարգող յուրաքանչյուր հոգեբանի համար, ես չեմ նշի այդ պատճառները: Սակայն կարող եմ ասել, որ այդ պատճառները իսկապես կարող են արգելափակել հղիությունը: Իսկ երբ մենք աշխատում ենք այդ պատճառի հետ և այն վեր ենք հանում, հիվանդը գիտակցում է այդ խնդիրը, հրաժարվում է դրանից և արդյունքում հղիություն է արձանագրվում:
- Ընդհանուր առմամբ քանի՞ դեպք է գրանցվել Ձեր պրակտիկայում:
Միքայելյան - Ընդհանրապես մեզ անպտղության խնդրով դիմել է ավելի քան 15 կին, որոնց հետ սկզբում աշխատում էի ես: Սակայն հետո գործի անցան մեր երիտասարդ տաղանդավոր մասնագետները, և ուզում եմ նշել, որ անպտղության հոգեբանական բուժման վերջին դեպքը գրանցվել է մեր երիտասարդ մասնագետ Անի Մաջարյանի օգնությամբ: Այդ ժամանակ ես հասկացա, որ այս մեթոդն իսկապես աշխատում է:
Ցավոք, բազմաթիվ հիվանդներ հեռացան Հայաստանից, և մենք չկարողացանք հետևել նրանց հետագա ճակատագրին, սակայն բացառված չէ, որ նրանց մոտ էլ դրական արդյունք արձանագրվեն: Չնայած, իհարկե, հնարավոր է, որ նման արդյունք չի եղել, չէ՞ որ ամեն ինչ կախված է մարդու հոգեկանից:
- Իսկ ի՞նչ հաճախականությամբ է հարկավոր դիմել նման օգնության՝ հաջողության հասնելու համար:
Միքայելյան – Սեանսերի առավելագույն քանակը, որքան էլ զարմանալի է, չորսն է: Սակայն վերջին դեպքը, երբ կինը չորս տարի չէր կարողանում հղիանալ, ցույց տվեց, որ կարելի է դրական արդյունքի հասնել անգամ մեկ սեանսից հետո:
- Հնարավո՞ր է, արդյոք, որ երեխա ունենալու չափից մեծ ցանկությունը կարող է որպես հոգեբանական արգելափակում ծառայել կնոջ համար:
Միքայելյան – Անկասկած: Եվ չափից մեծ ցանկությունը, ինչպես նաև երեխա չունենալու ցանկությունը կարող է հոգեբանական արգելափակման պատճառ դառնալ, սակայն և մեկը, և մյուսը հիմնված է որոշակի ներքին անգիտակից դրդապատճառների վրա: Որքան էլ զարմանալի է, սակայն երբ մենք ինչ-որ բան չափազանց շատ ենք ցանկանում, մեզ չի հաջողվում դրան հասնել, քանի որ նման դեպքերում մեր զգացմունքներն ու հոգեկանը խոչընդոտներ են ստեղծում և խանգարում են մեր ցանկությունների իրականացմանը:
- Իսկ գոյություն ունե՞ն «բաղադրատոմսեր» նման արգելափակումից խուսափելու համար:
Միքայելյան – Խնդիրն այն է, որ մարդ պետք է ինքն իրեն հասկանա: Եթե դա տեղի չի ունենում, ապա նա չի հասկանում խնդրի վերսկսման պատճառները, իսկ եթե նա չի հասկանում պատճառները, ապա մենք արդյունք չենք կարող ակնկալել: Հնարավոր է, որ պարադոքսալ հնչի, սակայն ամեն օրգան ունի իր հոգեկան ներկայացուցչությունը, չէ՞ որ օրգանը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեֆիզիկական գոյացություն է: Մենք հաճախ գործ ենք ունենում մի մասի հետ և անտեսում ենք մյուսը: Սակայն պետք է դիմենք և ֆիզիկական օրգանին, և հոգեկանին: Եկեք մի պարզ ճշմարտություն հիշենք՝ մարդուն բուժելը նշանակում է դարձնել նրան ամբողջական:
- Որքա՞ն է տարածված ձեր մեթոդաբանությունը ժամանակակից աշխարհում:
Միքայելյան – Այսօր հոգեսոմատիկ հոգեբանությունը շատ բուռն զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է անպտղության ոլորտին, ապա ես դեռ չգիտեմ նման հաջող դեպքերի մասին, սակայն դա չի նշանակում, որ նման արդյունքներ չկան: Խնդիրն այն է, որ մենք վատ ենք տեղեկացված միմյանց գիտական ձեռքբերումների մասին, սակայն ես համոզված եմ, որ աշխարհում այդ ոլորտում իսկապես լավ արդյունքներ կան: Եթե տեղեկատվության դաշտն ավելի լայն լինի, ապա ձեռքբերումների մասին գիտնականների իրազեկվածության մակարդակը ևս բարձր կլինի: Սակայն ցանկության դեպքում հոգեբանական գրականության մեջ կարելի է գտնել հոգեթերապևտիկ մեթոդներով անպտղության բուժման դեպքերի նկարագրություն:
- Իսկ հնարավո՞ր է նման միջոցով բուժել տղամարդկանց անպտղությունը:
Միքայելյան – Մենք դեռ այս խնդրով տղամարդկանց հետ աշխատանքի պրակտիկա չունենք: Սակայն հաճույքով փորձեր կանենք, քանի որ ամենակարևոր մասը՝ հայեցակարգը, արդեն ունենք, և ունենալով հայեցակարգ՝ կարելի է հեշտությամբ աշխատանքի տեխնիկա ընտրել:-0-
Комментариев нет:
Отправить комментарий