20-րդ դարի ամերիկյան
պրագմատիզմի հիմնադիրներից
Ու.Ջեյմսը գրում է,
որ մեր նորմալ, «առույգ» գիտակցությունը, բանական գիտակցությունը, ինչպես այն կոչում ենք, ոչ այլ ինչ է, քան գիտակցության հատուկ վիճակ: Մինչդեռ նրանից այն կողմ ևս գտնվում են գիտակցության պոտենցիալ
վիճակներ, որոնք այլ բնույթի են: Մենք կարող ենք ապրել մի ողջ կյանք և երբեք էլ չիմանալ դրանց գոյության
մասին: Բայց բավական է ընդամենը մի չնչին ազդակ և դրանք ակնթարթորեն և «իրենց ողջ շուքով» երևան կգան:
Գիտակցության մասին խոսելով`հարկ
է նշել, որ .
1. Նախ` առանձնացվում են «նորմալ»
կամ «սովորական» վիճակներ, որոնք բնորոշ են բոլոր մարդկանց: Դրանց թվին են դասվում
գիտակցության 3, բնական և շատ լայն վիճակներ` առույգությունը, երազատեսությունը և խորը
քունը: Մարդն իր առօրյա գործունեության արդյունքում առնչվում է դրանց հետ:
2. Ապա` առանձնացնում են գիտակցության
փոփոխված վիճակներ. դրանք բնորոշվում են որպես տվյալ սուբյեկտի համար գեներալիզացված
հոգեկան գործառնությունից և սուբյեկտիվ ապրումներից որակական շեղումներ: Այդ վիճակները
ռեֆլեկսիայի են ենթարկվում կամ հենց սուբյեկտի կողմից, կամ էլ նշվում են դիտողի կողմից:
Հնդիկ փիլիսոփաները մի քանի
հազարամյակ առաջ գիտակցության բոլոր վիճակները բաժանել են 4 դասի.
1.սովորական, առույգ վիճակ,
2.քուն առանց երազների,
3.քուն երազներով,
4.«4-րդ վիճակ»:
«4-րդ վիճակ» հնում կոչվում էր այն հատուկ վիճակը, որն առաջանում էր արտաքին ազդեցության
հետևանքով. այդ դեպքում դրսևորվում
էին մարդկանց արտասովոր հնարավորությունները, որոնք սովորական պայմաններոմ
նրանց հասու չէին: Դա է պատճառը, որ դեռևս հնագույն ժամանակներից մոգերը և գիտնականները
մշակում էին մեթոդներ, որոնց շնորիվ և իրենք, և այլ մարդիկ մտնում էին «4-րդ վիճակի» մեջ: Հին չինական փիլիսոփայությունում, մասնավորապես` բուդդիզմում, գիտակցություն
ասելով հասկանում
էին «բարձրագույն հոգեկան գործունեության աղբյուր», «բոլոր հոգեկան ֆունկցիաների
միավորման նախապայման», որի շնորհիվ ընդհանրացվում
են ինչպես հուզական, այնպես էլ ինտելեկտուալ
գործընթացները:
Դա է պատճառը, որ մերօրյա հետազոտողները
շատ հաճախ իրենց հայացքներն
ուղղում են դեպի Արևելք, քանի որ այնտեղ «գլոբալ միասնությանը» հասնելու համար կիրառվում
են մեդիտացիա, տրանս և այլ տեխնիկաներ:
Կազլովը նշում է, որ գիտակցությունը կարող է փոփոխվել ամենատարբեր պաթոլոգիկ
երևույթների ազդեցությունից` գլխուղեղի
վնասվածքից, կենսաբանական
կամ քիմիական ներգործություններից, վարակներից, արյան շրջանառության խանգարումներից կամ ԿՆՀ-ում չարորակ գործընթացների
հետևանքով: Դրանք իհարկե, խորը փոփոխություններ են առաջ բերում մտածողության գործընթացում, սակայն դրանք պարզապես հիմք են դառնում «օրգանական փսիխոզների» համար:
Սպիվակ Լ.Ի. և Սպիվակ Դ.Լ.
տեսակետների համաձայն, գիտակցության
փոփոխված վիճակները
կարելի է ենթաբաժանել հետևյալ կերպ.
1.Արհեստականորեն առաջացած վիճակներ` հոգեակտիվ նյութերի
կամ պրոցեդուրաների արդյունքում ( հոգեմետ
միջոցներ, զգայական դեպրիվացիա ):
2.Հոգետեխնիկաներով պայմանավորված վիճակներ` կրոնական
ծիսակարգեր, աուտոգենային մարզում ըստ Շուլցի, հոլոտրոպային թերապիա` ըստ Գրոֆի:
3.Ինքնաբուխ կերպով առաջացող` մարդու համար սովորական
պայմաններում, կամ անսովոր, բայց բնական պայմաններում, կամ ոչ սովորական, էքստրեմալ
պայմաններում:
Գիտակցության
սովորական վիճակն այնպիսի վիճակ է, երբ ուշադրությունը հավասարապես բաշխվում է ներքին
և արտաքին աշխարհների վրա: Գիտակցության փոփոխված վիճակն այնպիսի վիճակ է, երբ մարդու
ուշադրությունը տեղափոխվում է «ներս» և դրա ծավալը զբաղեցնում են պատկերները, մտքերը,
զգացմունքները: Գիտակցության փոփոխված վիճակները ժամանակակից հոգեբանության մեջ ընկալվում
են որպես գիտակցության ոչ սովորական վիճակներ, որոնց կարելի հասնել հատուկ թրեյնինգների
միջոցով, կամ ընդունելով մի շարք դեղամիջոցներ և հոգեդելիկ միջոցներ: Դրանք ընկալվում
են նաև որպես հոգեվիճակներ, որոնք առաջանում են ֆիզիոլոգիական, հոգեբանական որոշակի
ազդակներից կամ դեղամիջոցների ընդունումից:
Անհատի կողմից դրանք սուբյեկտիվորեն բնութագրվում են որպես հոգեկանի գործունեության նորմալ գործառնությունից շեղում`նկարագրված օբյեկտիվ
դիտման հիման վրա` ներքին փորձի տերմիններով:
Գիտակցության փոփոխված վիճակները
կարող են.
1.Ունենալ տարբեր ձևեր, որոնք ներկայացվում են որպես
·
ոչ սովորական հուզական ապրումներ,
·
հալյուցինացիաներ,
·
ժամանակի և տարածության ընկալման փոփոխություններ,
·
դեպերսոնալիզացիայի դրսևորում,
·
անձի բազմակիություն:
2.Հանդիսանալ տարբեր ազդակների
փոխազդեցության հետևանքով մարմնի և հոգեկանի.
·
Վնասվածքներ,
·
Թունավորումներ,
·
Հյուծում,
·
երկարատև քաղց:
3.Առաջանալ արհեստականորեն`
շնորհիվ.
·
մարմնի ռիթմիկ
շարժումների,
·
կրկնվող բառերի և արտահայտությունների,
·
թոքերի հիպերշրջանառության կամ շնչառության հապաղման,
·
թմրադեղերի,հոգեդելիկ միջոցների ընդունման,
·
դեղամիջոցների, ալկոհոլի ընդունման,
·
էքստրեմալ պայմանների,
·
երկարատև մեկուսացման կամ զգայական դեպրիվացիայի:
4.Հանդիսանալ արվեստի, ստեղծագործության
և ներշնչանքի աղբյուր, նոր ընդունակությունների բացահայտման միջոց`այդ թվում նաև էքստրասենսային
(տելեպատիա, պայծառատեսություն, կանխատեսում և այլն):
Երբեմն գիտակցության փոփոխված
վիճակները դասակարգվում են հետևյալ հասկացությունների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը
ներառում է մեծ քանակությամբ գիտակցության զանազան վիճակներ.
·
Հիպնոս,
·
Տրանս,
·
Մեդիտացիա,
·
Աուտոգենային մարզում,
·
Շամանիզմ,
·
Քուն և այլն:
Ժամանակակից
հոգեբանությունում ընդունված
է այն տեսակետը, որ այդ տերմինը հարկ է կիրառել այն առողջ մարդկանց հոգեկանը բնորոշելու
համար, ում գիտակցությունը «փոփոխվում» է,
բայց հոգեկանի խանգարման արտահայտված
մակարդակների չի հասնում:
Գիտակցության «բարձրագույն», պատմամշակութայնորեն ձևավորված
վիճակները որոշակի մշակույթում գոյություն
ունեն բացահայտ կամ ոչ ակնհայտ կերպով և կատարում են ֆիքսված գործառույթներ: Նման վիճակները հոգեկան կյանքը կազմակերպելու
միջոց են հանդիսանում:
Քանի որ դժվար է հստակ սահմաններ
գտնել գիտակցության վիճակների միջև, ուստի այդ վիճակների դասակարգումը կապված է որոշակի
դժվարությունների հետ, որոնք ժամանակակից գիտությունը դեռևս լիարժեքորեն չի լուծել:
Գիտակցության փոփոխված վիճակների առնչությամբ
կան բազմաթիվ տեսակետներ: Դրանք տարաբաժանվում են համաձայն զանազան գործոնների: Փոփոխված վիճակների ամենալայն
տարածում և ճանաչում վայելողները
ներկայացված են տվյալ գլխում: Դրանցից են հիպնոսը, տրանսը, մեդիտացիան, քունը, շամանիզմը:
Комментариев нет:
Отправить комментарий