четверг, 16 октября 2014 г.

Նարցիսական խանգարում. Հոգեբանական առանձնահատկությունները, ախտանշանները, թերապևտիկ գործընթացին բնորոշ յուրահատկությունները՝ ըստ Հայնց Կոհուտի



Անձի նարցիսական խանգարումը բնորոշվում է եսակենտրոնությամբ, սեփական անկրկնելիության, եզակիության, ուրիշների հանդեպ գերակայության, սեփական տաղանդների ու ինքն իր մասին մեծ կարծիք ունենալու համոզմունքով: Ըստ որում, մարդ անընդունակ է ապրումակցման ու շրջապատողներից պահանջում է բացառիկ վերաբերմունք: Ինչ վերաբերում է խանգարման ախտանիշներին, ապա հարկ է նշել, որ անձի նարցիսական խանգարում ունեցող մարդիկ վստահ են իրենց գերակայության, նշանակալիության ու արժեքավորության վրա, ինչը հանգեցնում է սեփական ուժերի ու հնարավորությունների գերագնահատման: Նման մարդիկ անհաջողությունների ու պարտության դեպքում չափազանց խոցելի են: Նրանք չեն հանդուրժում քննադատություն, հաճախ ցասում են ապրում կամ հայտնվում են դեպրեսիվ վիճակում, երբ շրջապատողները չեն հաստատում նրանց՝ իրենց մասին ունեցած բարձր կարծիքն ու գնահատականը: Վստահ լինելով, որ իրենք գերակա են այլոց նկատմամբ, նարցիսական խանգարում ունեցող անձինք հիացմունք են ակնկալում ու հաճախ ենթադրում են, որ շրջապատի մարդիկ նախանձում են իրենց: Նրանք կարծում են, որ իրենց ցանկությունները պետք է անհապաղ կատարվեն, այդ պատճառով շահագործում են այն մարդկանց, ում կարիքներն ու կարծիքը «պակաս արժեքավոր են» համարում: «Նարցիսների» վարքը հաճախ ագրեսիվ է, իսկ շրջապատի մարդիկ նրանց ընկալում են որպես ինքնաբավ ու ինքնասիրահարված եսամոլների: Նարցիսական խանգարումը կարող է կրել պաթոլոգիկ դրսևորումներ, ինչպիսիք են ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը, անկանոն սեռական կապերը, հիպոխոնդրիան, ասոցիալ վարքային մոդելները: Նման մարդկանց մոտ հաճախ նվազում է պատասխանատվության զգացումը` հատկապես սոցիալական պարտականությունների ու սեփական վարքի նկատմամբ: Նարցիսական խանգարում ունեցող անձինք հաճախ դժվարանում են հետևել բուժման և վերականգնողական որոշակի ծրագրի:
Հետազոտողները ենթադրում են, որ նարցիսիզմի նախահակվածության գործոն է համարվում մանուկ տարիքում երեխայի հանդեպ բացառիկ վերաբերմունքը, նրա տաղանդների գերագնահատումը, նրա առաջ խոնարհվելը: Հարկ է նշել, որ ցանկացած մարդու բնորոշ է նարցիսականությունը. այդ դեպքում խոսքը գնում է «առողջ նարցիսականության» մասին: Սակայն որոշ դեպքերում այն ձեռք է բերում պաթոլոգիկ բնույթ:
Նարցիսական խանգարման մասին իր հայեցակարգը ստեղծելիս Հ. Կոհուտը եկել է այն եզրակացության, որ այդ խնդրի շուրջ թերապևտիկ գործընթացին բնորոշ է տեղափոխման (տրանսֆերի) գործընթացը: Նա այդ առանձնահատկությունը բացատրել է նրանով, որ դա անհրաժեշտ նախապայման է նարցիսական խանգարման վերականգնողական փուլը խթանելու համար: Ըստ Կոհուտի՝ հոգեվերլուծության ընթացքում իդեալականացնող տեղափոխումն ապահովում է հոգեբանական զարգացման երկու ասպեկտներից մեկը: Հոգեկանը գլոբալ նարցիսային կատարելության մի մասի կորուստից խուսափելու համար այն վերագրում է ինքնության անցումային օբյեկտին, որը թերապևտիկ գործընթացում հանդես է գալիս ի դեմս թերապևտի: Քանի որ այդ դեպքում ուժը պատկանում է իդեալականացված օբյեկտին, նարցիսական խանգարում ունեցող այցելուն իրեն անօգնական է զգում և փորձում է պահպանել կապը նրա հետ:
Կոհուտը նշել է, որ այցելուի նարցիսականության դրսևորման գործընթացն անքակտելիորեն կապված է իդեալականացման գործընթացի հետ: Իդեալականացումը նարցիսզիմի զարգացման երկու հիմնական ուղիներից է: Ըստ Կոհուտի՝ իդեալականացող նարցիսական լիբիդոն ընկած է ստեղծարարության և իմաստության հիմքում: Հաջորդ կարևոր հասկացությունը, որն իր առանձնահատուկ տեղն ունի կոհուտյան հայեցակարգում, հայելային տեղափոխումն է: Հեղինակը գտնում էր, որ առողջ թերապևտիկ պայմաններ ստեղծելու դեպքում այցելուն աստիճանաբար ճանաչում է ինքնության իդեալականացվող օբյեկտի (թեապևտի) իրական սահմափակումները, հրաժարվում է իդեալականացումից և անցում կատարում վերափոխող ռեինտեգրացում: Իդեալական տեղափոխման ժամանակ իդեալականացվող օբյեկտի թերապևտիկ ակտիվացման դեպքում այցելուի ինքնությունը ռեակտիվանում է՝ հիշեցնելով տեղափոխում, որը տվյալ դեպքում իրենից ներկայացնում է հայելային տեղափոխումը: Կոհուտն անդրադարձել է նաև երկվորյակային տեղափոխում  հասկացությանը, նշելով, որ այցելուի ինքնության ակտիվացման ժամանակ իդեալականցվող օբյեկտն ընկալվում է որպես սեփական ինքնությանը նույնական կամ դրան շատ նման: Այդ ակտիվացումը Կոհուտը կոչել է ալտրէգոյի կամ երկվորյակային տեղափոխում:
Կոհուտն իր փորձի արդյունքում եկել է այն եզրակացության, որ թերապևտիկ գործընթացում պաթոգեն ռեգրեսիան բնութագրվում է նրանով, որ  այցելուն ենթադրում է, որ հոգեվերլուծողը իր հոգեբանական որակներով կամ չի տարբերվում իրենից կամ նման է իրեն: Եթե փորձի սակավության կամ որևէ այլ պատճառով թերապևտը ենթարկվում է «նարցիսի սադրանքին», ապա կարելի է ենթադրել, որ թերապևտիկ գործընթացն, ամենայն հավանականությամբ կտապալվի:


Комментариев нет:

Отправить комментарий