суббота, 18 октября 2014 г.

«էգո-նույնականացում» հասկացությունը՝ ըստ Էրիքսոնի. Էգո-նույնականացման ստատուսների տիպաբանությունը՝ ըստ Մարսիայի


Հոգեբանությունում «նույնականացում» տերմինի ի հայտ գալն ավանդաբար կապում են Էրիքսոնի անվան հետ, ով այն սահմանել է որպես անձի նույնացում ու ներքին անընդհատություն: Ըստ այդմ, Էրիքսոնը առանձնացրել է նույնականացման տարրեր՝ անհատական փորձի մակարդակում.
1.      Նույնականացման զգացումը անձնային նույնացման ու պատմական անընդհատության զգացումն է:
2.      Անձի գիտակցված, անձնային նույնակացման զգացումը հիմնված է միաժամանակյա երկու դիտումների վրա՝ ինքն իր ընկալում որպես անընդհատ ու նույնական գոյություն՝ ժամանակի ու տարածության մեջ մի կողմից, և մյուս կողմից՝ այն փաստի ընկալում, որ ուրիշները ճանաչում են քո նույնացումն ու անընդհատությունը:
3.      Նույնականացման զգացումը տարիքի հետ ու անձի զարգացմանը զուգընթաց ուժեղանում է:
Նույնականացումը ենթադրում է նախ՝ անձի ինքն իր զգացում որպես գոյություն ու անփոփոխ անձ, անկախ իրավիճակի, դերի ու ինքնաընկալման փոփոխությունից: Երկրորդ՝ դա նշանակում է, որ անցյալը, ներկան ու ապագան ապրվում են որպես մեկ ամբողջություն: Երրորդ՝ մարդը զգում է սեփական անքակտելիության ու այլ մարդկանց կողմից այդ անքակտելիության ընդունման միջև կապը:
Նույնականացման բովանդակության վերաբերյալ Էրիքսոնը տալիս է հետևյալ բնորոշումը, որ այն կոնֆիգուրացիա է, որն առաջանում է մանկության ընթացքում բարեհաջող էգոսինթեզի ու վերասինթեզի արդյունքում: Այդ կոնֆիգուրացիան աստիճանաբար միավորում է կոնստիտուցիոնալ նախադրյալները, բազային պահանջմունքները, ընդունակությունները, նշանակալի նույնականացումները, արդյունավետ պաշտպանությունները, բարեհաջող սուբլիմացիաները և մշտական դերերը:
Նույնականացումը դիտարկվում է որպես որոշակի կառույց, որը բաղկացած է որոշակի տարրերից, որը սուբյեկտիվորեն ապրվում է որպես սեփական անձի անընդհատության ու նույնացման զգացում՝ այլ մարդկանց կողմից ընկալման ժամանակ այդ նույնացման ու անընդհատության ընդունման պարագայում: Նույնականացման զգացումն ուղեկցվում է նպատակաուղղվածությամբ ու սեփական կյանքի իմաստավորմամբ՝ արտաքին արտոնման վրա վստահ լինելուն զուգահեռ:
Սակայն էրիքսոնյան մոտեցումը սահմանափակվել է միայն «նույնականացում» հասկցության տեսական մոտեցմամբ, մինչդեռ նրա հետևորդերից Ջ. Մարսիան հանդիսանում է այդ հասկացության էմպիրիկ մոտեցման ամենահաջող ու հայտնի, պրակտիկայում լայնորեն կիրառվող մեթոդի մշակողը: Մարսիան նույնականացումը բնորոշել է որպես ներքին ինքնակառուցվող, պահանջմունքները, ընդունակությունները, համոզմունքները ու անհատական պատմությունը դինամիկորեն կազմակերպող էգոյի կառույց: Հասկացությունն օպերացիոնալիզացնելու համար նա ենթադրություն է առաջ քաշել, որ այդ հիպոթետիկ կառույցը ֆենոմենոլոգիորեն դրսևորվում է «խնդիրների լուծման» դիտարկվող պատտերնների միջոցով: Անգամ ամենաաննշան խնդրի լուծումն իր ավանդն է ունենում նույնականացման կայացման հարցում: Մարսիան ընդգծում է, որ նույնականացման զարգացումը կարող  է ներառել բազմաթիվ ասպեկտներ, սակայն նրա հայեցակարգը հիմնվում է հենց խնդիրների լուծման ասպեկտի վրա:
Է. Էրիքսոնն առանձնացնում էր 1. Էգոնույնականացում ու «նույնականացում» հասկացության առավել լայն հասկացում, 2. Դրական ու բացասական նույնականացում:
Նույնականացման զարգացումը Էրիքսոնը հասկանում էր որպես երեք գործընթացների փոխազդում՝ կենսաբանական, սոցիալական ու էգոգործընթացներ, ըստ որում՝ էգոն պատասխանատու է առաջին ու երկրորդ գործընթացների ինտեգրման համար: Էգոյի ինտեգրատիվ աշխատանքի կամ էգոսինթեզի արդյունքը նույնականացման տարրերի որոշակի կոնֆիգուրացիան է, որը կառուցվում է ամբողջ մանկության ընթացքում: Հենց այդ հիպոթետիկ կոնֆիգուրացիան ապահովում է նույնականացման զգացումը: Դեռահասության շրջանում վերակառուցվածքավորվում է մանկական նույնականացումների ամբողջությունը՝ կազմելով նոր կոնֆիգուրացիա: Նույնականացման զարգացումը Էրիքսոնն ընդունում է որպես նույնականացման փոխկապակցված տարրերի միաժամանակյա ինտեգրացիա ու դիֆերենցացիա: Էրիքսոնն ընդգծում է, որ նույնականացման զարգացումը չի ավարտվում երիտասարդությունում, դա նույնականացման զարգացման փուլերից միայն մեկն է: Էրիքսոնի էպիգենետիկ սկզբունքի համաձայն՝ նույնականացման զարգացումն ընթանում է ութ փուլերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանցքային խնդիրը, որը յուրահատուկ լուծում է պահանջում:
Կյանքի յուրաքանչյուր փուլում նույնականացման նոր տարրերը պետք է ինտեգրվեն արդեն առկա կառույցում, իսկ հիները՝ վերաինտեգրվեն կամ «դեն նետվեն»:
Մարսիայի ստատուսային մոդելում առանձնացվում են նույնականացման չորս տիպեր, որոնց հիմքում երկու պարամետրեր են՝ 1. Ճգնաժամի առկայություն կամ բացակայություն՝ նույնականացման որոնման վիճակ, 2. Նույնականացման միավորների՝ անձնային նշանակալի նպատակների, արժեքների ու համոզմունքների, առկայույթյուն կամ բացակայություն Նա նույնականացման ձևավորման համար պարտադիր էր համարում անհատի՝ երեք հիմնական ոլորտներում կողմնորոշվելը՝ մասնագիտություն, կրոն, քաղաքականություն: Ըստ այդմ՝ Մարսիան առանձնացրել է «կայացած», «մորատորիում», «վաղաժամ» ու «դիֆզիա» տեսակի նույնականացման ստատուսներ:
«Կայացած»-Այս ստատուսը կրում է այն անձը, ով հաղթահարել է ճգնաժամն ու ինքնահետազոտումը և ձևավորել է իր անձի համար նշանակալի նպատակների, արժեքների ու համոզմունքների որոշակի ամբողջականություն: Նման մարդը գիտի՝ ով է ինքն ու ինչ է ուզում և ըստ այդմ էլ կառուցվածքավորում է իր կյանքը: Նման մարդկանց բնորոշ է ապագայի հանդեպ վստահության, կայունության, լավատեսության զգացումը: Դժվարությունների գիտակցումը չի նվազեցնում ընտրված ուղին շարունակելու ձգտումը: Իր նպատակները, արժեքներն ու համոզմունքները այդ մարդն ապրում է որպես անձնային առումով նշանակալի, կյանքն իմաստվորող ու իր ուղղվածությունն ապահովող:
«Մորատորիում»-Այս տերմինը ինչպես Էրիքսոնը, Մարսիան ևս օգտագործում է բնորոշելու այն մարդկանց, որոնք նույնականացման ճգնաժամի վիճակում են ու ակտիվորեն փորձում են լուծել այն՝ փորձարկելով զանազան տարբերակներ: Այդ մարդը անընդհատ տեղեկատվություններ է հավաքում, որոնք կարող են օգնել հաղթահարել ճգնաժամը: Նման որոնումների վաղ փուլերում մարդն ապրում է հետաքրքրության ու ուրախ սպասումների զգացում:
«Վաղաժամ»-Այս ստատուսը վերագրվում է այն մարդուն, որը երբեք նույնականացման ճգնաժամի զգացում չի ունեցել, սակայն, այնուամենայնիվ, ունի նպատակների, արժեքների ու համոզմունքների որոշակի խումբ: Նույնականացման այդ տարրերի բովոնդակությունն ու ուժը կարող են այնպիսին լինել, ինչպես «կայացած» նույնականացմամբ անձանց մոտ, տարբեր է դրանց ձևավորման գործընթացը: «Վաղաժամ» նույնականացմամբ անձանց մոտ այդ տարրերը կյանքում ձևավորվում են հարաբերականորեն վաղ և ոչ թե ինքնուրույն որոնումների ու ընտրության հիման վրա, այլ՝ հիմնականում ծնողների կամ այլ «նշանակալի ուրիշների» հետ նույնականացման արդյունքում: Այդ կերպ ընդունված նպատակները, արժեքներն ու համոզմունքները կարող են նման լինել ծնողների նույնականացման տարրերին կամ արտացոլել վերջիններիս սպասումները:
«Դիֆուզիա»-Նույնականացման այս ստատուսը բնորոշ է այն մարդկանց, որոնք չունեն կայուն նպատակներ, արժեքներ ու համոզմունքներ և չեն էլ փորձում ակտիվորեն ձևավորել դրանք: Նրանք կամ երբեք չեն եղել ճգնաժամի վիճակում կամ էլ ի զորու չեն եղել լուծել ծագած խնդիրները: Նույնականացման հստակ զգացողության պարագայում մարդիկ ապրում են մի շարք բացասական վիճակներ, այդ թվում՝ վատատեսություն, ապատիա, թախիծ, չուղղորդված զայրույթ, օտարացում, տագնապ, անօգնական լինելու ու անհուսության զգացում:
Մարսիան իր վերջին հրապարակումներում ևս նշել է, որ նույնականացումը զարգանում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Նա նշում է, որ գոյություն ունի նույնականցման հասնելու երկու ուղի. 1. Ինքն իր մասին որոշ տվյալների աստիճանական գիտակցում, ինչը հանգեցում է վաղաժամ նույնականացման ձևավորման, 2. Մարդու կողմից իր ինչպիսի լինելու վերաբերյալ ուղու ինքնուրույն որոշումների ընդունում, ինչը հանգեցնում է կայացած նույնականացման ձևավորման:

Комментариев нет:

Отправить комментарий