Բազմաթիվ հոգեբաններ
են անդրադարձել դեռահասների տարիքային առանձնահատկություններին, այդ թվում`
Բոժովիչը, Վիգոտսկին, Կոնը, Էլկոնինը, Ռեմշմիդտը, Ռայսը և այլք:
Դեռահասության
տարիքը օնտոգենեզի շրջան է, որը միջանկյալ է մանկության և հասունության միջև: Այն
որպես զարգացման հատուկ փուլ առանձնացվել է XIX դարում: Դեռահասության տարիքը
ներառում է 11, 12-14, 16 տարեկանները: Դրա առանձնահատկություններն արտահայտվում են նաև այդ տարիքի մյուս
անվանումներում` անցումային, դժվար, ճգնաժամային: Դրանք արտահայտում են այդ
փուլում տեղի ունեցող գործընթացների զարգացման բարդությունն ու կարևորությունը,
ինչը կապված է կյանքի մի փուլից մյուսին անցնելու գործընթացի հետ:
Մանկությունից
հասունություն անցումը կազմում է այդ փուլի բոլոր կողմերի հիմնական բովանդակությունն ու յուրահատկությունը`
ֆիզիկական, մտավոր, բարոյական, սոցիալական:
Դեռահասության
տարիքի կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ հենց այդ ժամանակ է հիմք դրվում
անձի ընդհանուր սոցիալական և բարոյական դիրքորոշումներին:
Անցումային տարիքի կարևոր առանձնահատկությունը նույնականացման ճգնաժամն է
կամ, ինչպես ասում էր Էրիքսոնը, «նույնականացում կամ դերերի խառնաշփոթ է»:
Դեռահասն ակտիվորեն «փորձում» է տարբեր սոցիալական դերեր, որոշում է պահանջները,
հնարավորություններն ու իրավունքները, որոնք բնորոշ են յուրաքանչյուր նոր կերպարի:
Անխոս, դերային այդ խառնաշփոթում լինում են նաև բացասական դերեր, որոնց
առկայությունը կարող է պատճառ հանդիսանալ կոնֆլիկտային իրավիճակների:
Կախված նրանից, թե ինչպես է ընթանում այս տարիքային փուլը, ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում երեխայի անձը, մեծ մասամբ կախված է նրա հետագա ողջ կյանքի ընթացքը:
Բադմաևի խոսքով, «դեռահասության տարիքը ամենաբարդն է
մանկավարժների և ծնողների համար, և ամենաճգնաժամայինը հենց դեռահասների համար է: Դեռահասների դևիանտ վարքը բազմաթիվ
տհաճություններ է պատճառում ոչ միայն անմիջական դաստիարակներին` ուսուցիչներին,
այլ նաև ամբողջ կրթական-դաստիարակչական, ինչպես նաև օրինապահ համակարգերին: Կան
նաև խնդիրներ` կապված դեռահասների նյարդա-հոգեկան խնդիրների, թմրամոլության,
սեռական հարաբերությունների և այլնի հետ»:
Կրտսեր
դեռահասության տարիքին անցումն ուղեկցվում է հոգեկանի կտրուկ բեկումով, որը
կոչվում է դեռահասության ճգնաժամ, երբ ուսումնական
գործունեությունը դադարում է զարգացման վրա թողնել
այն ազդեցությունը, որն ուներ նախորդ փուլում: Առաջատար գործունեություն է դառնում
հասակակիցների հետ շփումը (ըստ Էլկոնինի ինտիմ-անձնական շփումը), մեծահասակներից
հոգեբանական հեռացումը, որը հաճախ ուղեկցվում է կոնֆլիկտներով:
Կրտսեր դեռահասների
տարիքային առանձնահատկություններից է բարձր հյուծվողականությունը: Գիտնական
Շահվերդովը, ով երկար տարիներ ուսումնասիրել է օրգանզիմի ֆիզիոլոգիական
վերակառուցման գործընթացները, գտել է խնդիրների ծագման որոշ պատճառներ: Ըստ նրա,
դեռահասի մոտ ավելի ինտենսիվորեն են գործառնում հիպոֆիզը, վահանագեղձը և սեռական
գեղձերը: Հիպոֆիզի առաջնային մասը խթանում է օրգանիզմի աճին և վահանագեղձի հետ միասին արագացնում է
օրգանիզմի նյութափոխանակության գործընթացը: Սիրտ-անոթային համակարգը դեռևս
կատարյալ չէ: Միջին դպրոցական տարիքում, կապված ընդհանուր աճի հետ, դիտվում է
ամբողջ սիրտ-անոթային համակարգի ինտենսիվ աճ, որի ժամանակ որոշակի անհամապատասխանություն է
դիտվում սրտի և անոթների աճի միջև: Այդ տարիքի հենց ամենասկզբից սրտի աճը
որոշակիորեն դանդաղում է, արյան ճնշումն անկում է ապրում, ինչը հաճախ ուղեկցվում է
սակավարյունությամբ, մասնավորապես` գլխուղեղի հյուծվածությամբ: Հենց այս տարիքում
է տեղի ունենում էներգիայի ամենամեծ ծախսը, ինչը չի կարող անհետևանք մնալ: Ուստի
անգամ ամենաթեթև ծանրաբեռնվածությունը հանգեցնում է գերհոգնածության:
Մարդու հոգեկան
գործունեությունը կրում է միջնորդավորված բնույթ: Այդ պատճառով կրտսեր դեռահասների
անհատական-տարիքային առանձնահատկությունները միջնորդավորված են պատմա-մշակութային
միջավայրով, որտեղ նրանք ապրում և զարգանում են: Այսպես, Պիաժեն կարծում էր, որ
տրամաբանական օպերացիաները երեխաների մոտ ձևավորվում են միայն 11-12 տարեկանում:
Վեգների, Գալպերինի, Էլկոնինի, Դավիդովի հետազոտությունները ցույց են տվել, որ
ուսուցման պայմանների փոփոխման ժամանակ փոխվում են տարիքային սահմանները և
երեխաների հոգեկան զարգացման ձևերը:
Այսպիսով, կրտսեր
դեռահասների անհատական-տարիքային առանձնահատկությունները պայմանավորված են.
·
Օրգանիզմի կենսաբանական զարգացման
առանձնահատկություններով,
·
Պատմա-մշակութային միջավայրով` որպես
նրանց աճի և զարգացման միջավայրի,
·
Դաստիարակաության և ուսուցման պայմաններով,
·
Զարգացման անհատական ռեսուրսներով:
Հոգեբանական տեսանկյունից դեռահասության տարիքը ծայրահեղ հակասական է:
Այն ձևավորվում է զարգացման մակարդակի և տեմպերի առավելագուն անհամապատասխանությունների հիման վրա:
Դրա կարևորագույն հոգեբանական առանձնահատկությունը մեծ լինելու զգացողությունն է:
Հենց այս հողի վրա էլ դեռահասի մոտ մեծահասակների, մանկավարժների և հենց իրենց հետ կոնֆլիկտ է առաջանում: Ընդհանուր առմամբ
դա մանկության ավարտն է և
«մեծանալու» սկիզբը:
Դեռահասության տարիքը մարդու` որպես
անձի, կայացման ողջ ընթացքում կարևորագույն տեղ է զբաղեցնում, երբ
գործունեության որակապես նոր հիմքի,
կառուցվածքի և բովանդակության վրա կառուցվում են գիտակցական վարքի հիմքերը, ձևավորվում են
սոցիալական դիրքորոշումների և բարոյական պատկերացումների հիմնական ուղղվածությունները:
Դեռահասության տարիքը պրպտուն մտքի,
ճանաչման անհագ ձգտման, եռացող
էներգիայի, բուռն ակտիվության, նախաձեռնողականության և գործունեության տարիք է:
Դեռահասի վարքն ու գործունեությունը մեծամասամբ որոշվում են ինքնագնահատականի առանձնահատկություններով:
Դեռահասը հաճախ շատ ծանր է տանում սեփական անհաջողությունները, և գլուխ բարձրացրած ինքնասիրությունը նրա մոտ առաջացնում է այդ անհաջողությունների նկատմամբ նրա իսկական վերաբերմունքը թաքցնելու ցանկություն:
Այս տարիքի բնութագրական առանձնահատկություն է այն,
որ դեռահասի մոտ սրված է
«թույլ», անինքնուրույն ճանաչվելու վախը,
այսինքն այն հատկությունների կրողը
լինելու վախը, որոնք կասկածի
են ենթարկում նրա
«մեծ» լինելու փաստը:
Ուսուցման գործընթացում կարևոր տեղ է հատկացվում դեռահասի հետաքրքրություններին: Կրտսեր դեռահասների հետաքրքրությունները, դրդապատճառները, պահանջմունքները դինամիկ են,
բավականին փոփոխվող: Կրտսեր
դեռահասների հետաքրքրությունները զարգացման էտապում են գտնվում: Որոշ
հետազոտողներ կարծում են,
որ հետաքրքրությունների անկումը կարող է կապված լինել հակառակ սեռի տարեկիցների նկատմամբ հետաքրքրությամբ, որը կարող է վերաճել առաջին սիրո:
Դեռահասները իրենց առաջին սիրո մասին սովորաբար ամաչում են խոսել,
քննարկել ծնողների, ընկերների,
ուսուցիչների հետ`
վախենալով, որ իրենք ծաղրի առարկա կդառնան:
Հարկ է նաև նշել,
որ պետք է պայքարել տղաների` միանգամից մի
քանի բան անելու ձգտման դեմ:
Հետաքրքրությունների շրջանակի լայնությունը կարող է հանգեցնել ցրվածության: Զուր չէ,
որ այն համարվում է բարդ տարիք,
անգամ` ճգնաժամային: «Դեռահասը արդեն երեխա չէ և սուր հետաքրքրություն ունի ողջ շրջապատի հանդեպ, մեծ
ակտիվություն, ֆիզիկական և մտավոր աշխատանքի մեծ ձգտում»,-գրում
է Կրուպսկայան:
Կրտսեր դեռահասները կռվարար են,
ցուցաբերում են կոպտության և ագրեսիվության էլեմենտներ, կարող
են հայտնվել ուրիշի ազդեցության տակ,
հանցագործ շրջապատում, հեշտ
ներշնչվել: Այս տարիքում հաճախ դրսևորվում են դեստրուկտիվ վարքի էլեմենտներ:
Կրտսեր դեռահասները երբեմն կարգապահ չեն,
էներգիայով լի,
տագնապային, շատ ակտիվ,
որը հաճախ դրսևորվում է դասարանային, հասարակական
հանձնարարությունները կատարելիս:
Գաղտնիքները պահելու ցանկությունը հաճախ զուգակցվում է դա անելու անկարողության հետ, նրանք հաճախ բամբասում են իրարից, իրար
մականուններ են տալիս,
որոնք երբեմն պահպանվում են մինչև դպրոցն ավարտելը: Կրտսեր
դպրոցականներից շատերի մոտ դիտվում է սեփական գործողությունների բարձր ինքնագնահատական, եսասիրական ինքնահաստատում:
Կրտսեր դեռահասները շատ զգայուն են և նեղացկոտ: Նրանք
սիրում են պարծենալ իրերով, հագուստներով,
որոնք միայն իրենք ունեն:
Կրտսեր դեռահասության տարիքում դիտվում է
«փոքր խմբերի» ակտիվ
ձևավորում:
Այսպիսով, ընդհանրացնելով կրտսեր դեռահասների հոգեկան զարգացման առանձնահատկությունները, նշենք հետևյալները.
· Ընտանիքի
և տարեկիցների խմբում արժանավայել դիրք ունենալու պահանջմունք,
·
Բարձր հյուծվողականություն,
·
Ժամանակավոր ընկեր ունենալու ձգտում,
·
Մեկուսացումից խուսափում,
· Դասարանում ուժերի հարաբերակցության հարցի նկատմամաբ
հետաքրվածություն,
·
Մանկության հետ կապված ամեն ինչից ազատվելու ձգտում,
·
Անհիմն արգելքների նկատմամբ զզվանք,
·
Մանկավարժների սխալների նկատմամբ ընկալողունակություն,
·
Իրենց հնարավորությունների գերագնահատում,
·
Անհաջողություններին հարմարվելու ընդունակության
բացակայություն,
·
Երազանքներով տարվելու միտում,
·
Երազանքների աղավաղման վախ,
·
Վառ արտահայտված հուզականություն,
·
Խոսքի և գործի համապատասխանության հանդեպ մեծ
հետևողականություն,
·
Ինքնագիտակցության ձևավորում:
Հասունացման
կարևորագույն փուլը ինքնագիտակցության ձևավորումն է: Այս տարիքում առաջատար
գործունեություն է դառնում հաղորդակցումը: Նախ և առաջ իրենց տարեկիցների հետ
շփվելով` դեռահասները կյանքի մասին ստանում են անհրաժեշտ գիտելիքներ: Դեռահասի
համար շատ կարևոր է, թե ինչ կարծիք ունեն իր մասին խմբի անդամները, որին նա
պատկանում է: Նրա մոտ շարունակում են զարգանալ այնպիսի օպերացիաներ, ինչպիսիք են
դասակարգումը, անալոգիաները, համադրությունը և այլն: Դեռահասն աստիճանաբար ձեռք է
բերում մտածողության` մեծին բնորոշ, տրամաբանություն:
Комментариев нет:
Отправить комментарий