пятница, 24 октября 2014 г.

«Պաշտպանական մեխանիզմների» հասկացությունը հոգեբանության մեջ


Ամենաառաջինը` որպես պաշտպանական մեխանիզմ, նկարագրվել է արտամղումը: «Արտամղում»տերմինն առաջին անգամ հանդիպում է հոգեբան Հերբարտի աշխատություններում 19-րդ դարասկզբում: Սակայն արտամղումը որպես մարդկանց կողմից իրենց իսկ սեփական, որոշ էական հիշողություններին տիրապետելու անկարողության կլինիկական փաստ, առաջին անգամ նկարագրվել է Զ. Ֆրոյդի «Պաշտպանական նեյրոպսիխոզներ» աշխատությունում 1894 թ.: Դրա էությունն այն է, որ գիտակցության սահմաններից դուրս պահվեն որոշակի հոգեկան բովանդակություններ: Ֆրոյդի կողմից հոգեբանություն ներմուծված հաջորդ հասկացությունը լայն ճանաչոմ և կիրառություն գտած պրոյեկցիա հասկացությունն է: Ա. Ֆրոյդն իր աշխատությունում նշում է, որ Զ. Ֆրոյդն ի սկզբանե պաշտպանություն և արտամղում տերմինները կիրառել է որպես իրար համարժեք, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից և պաշտպանություն տերմինը կիրառել որպես համալիր հասկացություն Ես-ի բոլոր պաշտպանական ռեակցիաները նկարագրելու համար, իսկ արտամղումը` որպես առանձին կիրառվող պաշտպանական մեխանիզմ: Հետագայում տերմիը մեկնաբանվել, վերափոխվել և մոդեռնիզացվել է բազմաթիվ հետազոտողների կողմից ինչպես հոգեվերլուծության, այնպես էլ հոգեբանության այլ բնագավառներում: Ֆրոյդն արտահայտել է այն ենթադրությունը, որ որոշ պաշտպանական մեխանիզմներ ի հայտ են գալիս մարդու կյանքի առաջին իսկ վայրկյաններից. այդ միտքը հետագայում ապացուցվել է բազմաթիվ հեղինակների և էքսպերիմենտալ տվյալների միջոցով: Այս ենթադրությունը հետագայում ելակետ է հանդիսացել Ա. Ֆրոյդի հետազոտությունների համար: Զ. Ֆրոյդը փորձ է կատարել նաև ստեղծելու պաշտպանության մետահոգեբանական մի տեսություն` կախված հիվանդության տեսակից:
Հիմնական պաշտպանական մեխանիզմները տարբերակվում են համաձայն որոշակի չափանիշների`
·         ներքին կոնֆլիկտի վերամշակման մակարդակի,
·         սուբյեկտի կողմից իրականության խեղաթյուրման մակարդակի,
·         որևէ մեխանիզմի պահպանման համար ծախսվող էներգիայի մակարդակի,
·          ինֆանտիլության մակարդակի,
·          օգտագործվող պաշտպանական մեխանիզմի հետևանքով առաջացող հնարավոր հոգեկան խանգարման տիպի:
Գրականության վերլուծությունը ցույց տվեց, որ համաձայն Ֆրոյդի և նրա հետևորդների բոլոր պաշտպանական մեխանիզմների համար ընդհանուր և հիմնական հատկանիշները հետևյալներն են.
1.    անգիտակցական են, այսինքն` մարդը չի գիտակցում իր պաշտպանական վարքը որոշակի օբյեկտի կամ երևույթի նկատմամբ,
2.     պաշտպանական մեխանիզմները միշտ խեղաթյուրում, կեղծում կամ փոփոխում են իրականությունը:
            Վեյլանտն, իր հերթին առանձնացնում է պաշտպանական մեխանիզմների 5 բնութագրեր.
1.    Պաշտպանությունը համարվում է աֆեկտների և մղումների հիմնական կարգավորիչ միջոց,
2.    Պաշտպանական մեխանիզմներն անգիտակցական են,
3.     Պաշտպանական մեխանիզմները տարբեր են,
4.    Պաշտպանական մեխանիզմները հաճախ հոգեբուժական ախտանշանների առկայության մասին են խոսում, սակայն դրանք դինամիկ են և փոխարկելի,
5.     Պաշտպանական մեխանիզմները կարող են ծառայել  հարմարմանը, բայց կարող են լինել նաև պաթոլոգիկ:
Հոգեբանական պաշտպանության մեխանիզմներն ուղղված են կարևորությունից զրկելու և դրանով իսկ չեզոքացնելու հոգեբանական տրավմատիկ պահերը:
Պաշտպանական մեխանիզմներն, ըստ էության, կարգավորիչ մեխանիզմների մի համակարգ են կազմում, որը նպաստում է անձին սպառնացող բացասական ապրումների վերացմանը կամ գոնե մինիմալիզացմանը: Այդ ապրումները հաճախ ուղեկցվում են ներքին կամ արտաքին կոնֆլիկտներով, անհարմարավետության և տագնապի զգացումներովՊաշտպանական մեխանիզմներն ուղղված են անձի ինքնագնահատականի ստաբիլության, Ես պատկերի և աշխարհի պատկերի պահպանմանը, որին կարելի է հասնել հետևյալ եղանակներով.
·         կոնֆլիկտային ապրումների աղբյուրները գիտակցությունից հեռացնելով,
·         կոնֆլիկտային ապրումների տրանսֆորմացիա այնպիսի կերպով, որպեսզի կանխվի կոնֆլիկտի առաջացումը:
Հոգեբանական գրականությունում նկարագրված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ մարդն օգտագործում է այդ մեխանիզմերն այն դեպքում, երբ նրա մոտ առաջանում են բնազդային մղումներ, որոնց արտահայտումը սոցիալապես անթույլատրելի է: Մղումները հոգեվերլուծական տեսության սահմաններում դիտարկվում են որպես հոգեկան ապարատի էլեմենտար և բազային տարրեր: Մղումները «տեղակայված են» հոգեկանի և մարմնի սահմանագծում` հանդիսանալով ֆիզիկական գործընթացների հոգեբանական ներկայացուցիչներ, որոնք կապված են օրգանիզմի պահանջմունքների հետ:
Պաշտպանական մեխանիզմները պաշտպանում են նաև գիտակցությունը հիասթափություններից և սպառնալիքներից: Որոշ հոգեբանների համոզմամբ պաշտպանական մեխանիզմները հոգեկանի նորմալ գործունեության արդյունք են և ուղղված են ապահովելու էգո-ամբողջականությունը: Այն դեպքերում, երբ էգոն ի զորու չէ հաղթահարել տագնապն ու վախը, այն կիրառում է յուրահատուկ մեխանիզմներ, որոնք նպաստում են մարդու կողմից իրականության ընկալման խեղաթյուրմանը: Դրանք ձևավորվում են վաղ մանկական տարիքում, նպաստում են հոգեբանական հոմեոստատիկ վիճակին և գործառում են անգիտակցական կամ ենթագիտակցական հոգեբանական մակարդակներում: Իրականում խոսքն այս դեպքում այլ բնույթի հարմարողական գործընթացների, հատկությունների և որակների մասին է, որոնք անձը ձեռք է բերում իր սոցիալականացման ընթացքում: Երբ մարդու ցանկությունները, հետաքրքրությունները, պահանջմունքները չեն կարող բավարարվել` չնայած էական ջանքերի, առաջանում է հուզական լարվածության վիճակ` սթրես և ֆրուստրացիա:
Այս թեմայով գրականության վերլուծությունը ցույց է տալիս, որ Զ. Ֆրոյդը, Ա. Ֆրոյդը, Գ. Տարտը, Վ. Մենինժերը, Մ. Լիֆը և այլք, եկել են այն եզրակացության, որ հոգեբանական պաշտպանությունը հնարավորություն է տալիս գոնե ժամանակավոր թեթևացնել և անցկացնել լարվածությունը, իսկ կոնկրետ ապրումներում այնպես խեղաթյուրել տեղի ունեցողը, որպեսզի չխախտվի անհատի` իր մասին ունեցած պատկերացումները: Որպես պաշտպանություն կարող է հանդես գալ հոգեկանի ինքնակարգավորվող մեխանիզմը, որի միջոցով թուլանում է հուզական լարվածությունը, տագնապը, անհարմարավետության զգացումը և պահպանվում է ԵՍ-կերպարի անհակասականությունը` օբյեկտիվ իրականությանը անգիտակցորեն աղավաղված գնահատակն տալու միջոցով: Հոգեբանական պաշտպանություն առաջանում է այն դեպքում, երբ մարդը չի կարողանում ճիշտ գնահատել առաջացած անհարմարությունն ու դրա պատճառները ու, հետևաբար, չի կարողանում հաղթահարել այն:
Այսպիսով` հոգեբանական պաշտպանություն առաջանում է այն դեպքում, երբ մարդը չի կարողանում ճիշտ գնահատել առաջացած անհարմարությունն ու դրա պատճառները ու հետևաբար չի կարողանում հաղթահարել այն: Բացի այդ լարվածության աճը հաճախ ուղեկցվում է նաև հուզկան գրգռմամբ, որը խանգարում է ընտրության ռացիոնալ գործընթացին:
            Ըստ Ժ. Լապլանշի և Ժ. Պոնտալիսի, պաշտպանությունը գործողությունների ամբողջություն է, որն ուղղված է չեզոքացնելու ցանկացած փոփոխություն, որը սպառնում է կենսահոգեբանական անհատի ամբողջականությանն ու կայունությանը: Պաշտպանության գործընթացն իրականանում է Ես-ի մեջ շատ թե քիչ ինտեգրված պաշտպանական մեխանիզմների շնորհիվ: Պաշտպանության և այն իրականացնող Ես-ի միջև գոյություն ունեն բարդ կապեր: Փաստացի`
1.    Ես-ն անձնական տարածք է, որը պետք է պաշտպանվի ցանկացած ներխուժումից:
2.    Ես-ը պատկերացումների համախումբ է, որը հակսում է մեկ այլ` անհամատեղելի պատկերացումների համախմբի, որից էլ առաջանում է տհաճության զգացում:
3.    Ես-ը պաշտպանության նախաձեռնություն է:

Комментариев нет:

Отправить комментарий