вторник, 16 сентября 2014 г.

ԿԱԽՎԱԾՈւԹՅԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈւԾԱԿԱՆ ՄՈՏԵՑՈւՄ

Ին՞չ է իրենից ներկայացնում կախվածությունը: Ինչ՞ու են մարդիկ կախվածություն ձեռք բերում տարբեր  նյութերից, երևույթներից: Ի՞նչն է ընկած կախվածության հիմքում: Այս հարցերին կանդրադառնանք տվյալ  հոդվածում:
            
Կախվածության տարբեր տեսակները՝ թմրանյութերից, ալկոհոլից, ծխախոտից, ազարտային խաղերից, հիպերսեռականությունից  և այլ երևույթներից, իրենցից ներկայացնում  են ադդիկտիվ վարք, որը  ըստ իր ծանրության առանձնանում է սկսած նորմայից տարբերվող վարքային դրևսորման ձևից, մինչև  կենսաբանական և հոգեբանական ծանր կախվածություն: Բավարարելով պահանջմունքը` տվյալ նյութի oգտագործմամբ կամ գործողություն կատարելով՝ անձը իրեն բավարարված է զգում, ունենում է հաճույքի զգացում: Նա սկսում է անընդհատ ձգտել այդ նյութերին, քանի որ  դրանք տալիս են նրան այն, ինչի կարիքը ինքը զգում է: Իսկ երբ չի կարողանում բավարարել իր պահանջմունքները, նա հայտնվում է այսպես կոչված «լոմկա»-յի մեջ, որը բնութագրվում է դեպրեսիայով, մեկուսացվածությամբ, տագնապով, նաև՝ ագրեսիվ դրևորումներով[1]Կախվածությունը կամ ադդիկտիվ վարքը անձի մոտ դրսևորվում է մի քանի մակարդակներով[2].
vՖիզիկական (կենսաբանական, ֆիզիոլոգիական),
vՀոգեբանական (անձնական),
vՍոցիալական,
vՈգեղեն:
Ֆիզիկական մակարդակում յուրաքաչյուրն ունի ոչ միայն սննդի ու հանգստի, այլ նաև հաճույք ստանալու պահանջմունք: Իսկ թմրայութերը կամ ալկոհոլը հնարավորություն են տալիս հեշտությամբ հասնել դրան ու որոշակի ժամանակահատված մնալ այդ վիճակում: Սակայն այդ նյութերն օգտագործելով՝  օրգանիզմը սովորում է դրանց և իր ֆունկցիան կատարում միայն դրանց ազդեցությամբ, այլ կերպ ասած՝ իր գործունեությունը կատարում է միայն նյութերի թողած ազդեցությամբ
Թմրանյութերը, ալկոհոլը, սեքսը, ազարտային խաղերը մարդուն հնարավորություն են տալիս  հաճույք ստանալ, ուրախության, անհոգության, պաշտպավածության զգացողություն ունենալ, ինչի պահանջմունքն առկա է անձի մոտ: Բացի այդ յուրաքանչյուրն  ունի սիրված լինելու, սիրված զգալու պահանջմունք, որի չբավարարվելու դեպքում անձը կրկին ձգտում է օգտագործել նյութեր, կատարել որոշակի գործողություններ, որոնք կբավարարեն նրա պահանջմունքները: Որպես հոգեբանական ցավը մեղմելու, հանգստացնելու ևս տարբերակ է համարվում ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը: Այդպիսով՝ յուրաքանչյուր անգամ իր հոգեբանական պահանջմունքների բավարարման համար անձը դիմում է վերը նշված քայլերին, իսկ որոշ ժամանակ անց էլ դրանց  անբավարարությունն է անձի մոտ առաջացնում ընկճվածություն, լքվածության, մեկուսացվածության զգացողություններ և այդ վիճակից դուրս գալու համար անձի մոտ պահանջ է առաջանում անընդհատ օգտագործել նյութեր, որոշակի գործողություններ կատարել, իր համար հանգիստ, լավ պայմաններ ստեղծելու համար:
Սոցիալական միջավայրում յուրաքանչյուր անձ ձգտում է ընդունված և հասկացված լինել: Ռեֆերենտային խմբերում  երբեմն ընդունված լինելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում օգտագործել թմրանյութեր, ալկոհոլ, որի կրկնությունը և ստացված հաճույքն էլ առաջացնում է կախվածություն:     
Երբ անձն օգտագործում է նյութեր, որոնցից հաճույք է ստանում, իրեն սիրված է զգում, ցավ չի զգում, ըստ էության, ունենում է այն ամենը, ինչն իրեն անհրաժեշտ է, այդ նյութերը նրա համար դառնում են ամեն ինչ: Ամեն անգամ դրանց բավարարման համար անձը կրկին դիմում է այդ նյութերին: Նյութերը անձի համար պաշտամունքի առարկա, կուռք են դառնում: Անձը անում է ամեն ինչ՝ հասնելու դրանց: Նա հավատում է այդ նյութերի ուժին, պաշտում է դրանք և երկրպագում: Այստեղ արդեն խոսքը գնում է կախվածության ոգեղեն մակարդակի մասին:
Սրանք են կախվածության մակարդակները, որոնց բոլորի հասկացումը և բոլոր մակարդակներում ազատումից հետո միայն կարելի է խոսել կախվածությունից ազատվելու մասին:
Ինչպես երևում է, կախվածություն ունեցող անձը սկսած կենսաբանական մակարդակից իր վարքով և իր հոգեկանի ողջ գործունեությամբ ձգտում է դեպի կախվածության օբյեկտը (լինի նյութ, անձ, թե գործողություն)
Իսկ ի՞նչն է անձը բավարարում այդ կախվածության միջոցով: Հոգեվերլուծական դպրոցը (Ֆրոյդը, Հարտմանը, Յակոբսոնը և հոգեվերլուծության դպրոցի այլ ներկայացուցներ) այն դիտարկում է լիբիդոյի բավարարման տեսանկյունից՝ որպես հոգեսեռական զարգացման որոշակի փուլի ֆիքսացիա՝ օրալ, անալ, ֆալիկ:   Ֆրոյդը նշում է, որ հոգեսեռական զարգացման յուրաքանչյուր փուլում լիբիդոն  կենտրոնացած է լինում կոնկրետ օրգանում և իր բավարարումը ստանում է տվյալ օրգանի ֆունկցիայի կատարմամբ[3]
Թմրանյութերի, ալկոհոլի օգտագործումը, շատարկերությունը, ծխախոտից կախվածությունը հոգեվերլուծական դպրոցը դիտարկում է որպես օրալ փուլի ֆիքսացիա: Այս փուլում լիբիդոն տեղակայված է բերանում և երեխան հաճույք է  ստանում սնվելուց: Երբ երեխան քաղցած  է մնում, մոր գերխնամքը կամ թերխնամքը, կարող են երեխայի մոտ առաջացնել ֆիքսացիաներ: Այսինքն՝ մանկության շրջանում չբավարարված ցանկությունները, պահանջմունքը արդեն հասուն տարիքում անձը կարող է բավարարել կախվածության միջոցով[4]:
Ֆրոյդը կախվածությունը մեկնաբանում է նաև որպես «Գեր-ես»-ի կողմից ինքնապատժի ձև: Երբ անձը ունի մեղքի զգացում և ձգտում է իրեն պատժել, որպես միջոց նա կարող է ընտրել կախվածությունը:  Ֆրոյդը այսպես է մեկնաբանում Դոստոևսկու խաղամոլությունը. Դոստոևսկին խաղում էր այնքան, մինչև պարտվեր իր ողջ գումարը և դրանից հետո միայն հանգստանում էր և հանգիստ խղճով վերադառնում տուն: Սա ինքնապատժի դրսևորման մի տարբերակ էր Դոստևսկու մոտ՝ հոր մահը ցանկանալու համար[5]
Սեռական հարաբերություններից կախվածությունը դիտարկվում է ֆալիկ փուլի ֆիքսացիայով (երբ լիբիդոն կենտրոնացած է գենիտալային հատվածներում), ինչպես նաև էդիպյան բարդույթի առկայությամբ: Մանկության շրջանում երեխայի մոտ առաջացած էդիպյան բարդույթը, որը իր  լուծումը չի կարողանում գտնել  համապատասխան շրջանում, հետագայում, հնարավոր է, դրսևորվի սեռական կախվածության տարբեր ձևերով՝ սիրեկաններ ունենալով, անընդհատ մարմնավաճառների ծառայություններից օգտվելով, պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր դիտելով, մաստուրբացիայով և այլն: Այսինքն՝ անձը սկսում է բավարարել իր ցանկությունները՝ ցույց տալով իր առավելությունները իր սեռի ծնողի նկատմամբ, ինչպես նաև, կարծես, ինքն իրեն ապացուցելով, որ արժանանում է հակառակ սեռի ծնողի ուշադրությանը, սիրուն:
Լիբիդոն սեռական ցանկությունն է, էներգիա, որի բավարարումը բերում է լարվածության թուլացման, հաճույքի զգացման[6]:  Կարող ենք ասել, որ չկարողանալով բավարարել իր լիբիդոն՝ երեխան մեծանում է և ձևափոխում նրա բավարարման ձևը, նա ընտրում է թմրանյութեր, ալկոհոլ, սեռական տարբեր դրսևորումներ, որոնք հաճույք են պատճառում նրան:
Ինչպես գիտենք անգիտակցականը ղեկավարվում է հաճույքի սկզբունքով, այսինքն՝ հաճույք ստանալ պահանջմունքների բավարարումից: Իսկ երբ տվյալ պահանջմունքը չի բավարարվում ուղիղ ձևով՝ տեղում առաջանում է դատարկություն, որն էլ անձը ձգտում է լցնել տարբեր ձևերով:
Օրնշտեյնը, Մայերսը նկարագրում են սեռական կախվածության դեպքեր. կախվածություն արտամուսնական կապերից, պոռնագրաֆիկ ֆիլմերի դիտումից, մատուրբացիայից[7]: Հոգեվերլուծական աշխատանքի արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ անձիք  մանկության շրջանում ունեցել են ծնողների կողմից սիրո, ջերմության, ընդունված լինելու պակաս: Իսկ հասուն տարիքում  նրանց մոտ դրսևորվել են կախվածության այս ձևերը: Հեղինակները  մեկնաբանում են, որ տվյալ անձիք կախվածության միջոցով փորձում են բավարարել սիրո, ջերմության զգացողությունները, որոնք դատարկ են մնացել մանկության ժամանակ: Նրանք վարքի այս դրսևորումները դիտարկում են աուտոսեռական (աուտոսեռականություն Ֆրոյդը անվանում է երեխայի սեփական մարմնից հաճույք ստանալը[8]) դրսևորման ձև:
Ինչպես գիտենք երեխան մանկության շրջանում գտնվում է սիմբիոտիկ կապի մեջ իր մոր հետ: Նա իրեն պաշտպանված և ապահով է զգում արգանդում և  առաջին անգամ հաճույք է զգում  հենց մոր միջոցով: Իսկ երբ այդ կապը չի բավարարում երեխայի պահանջմունքները, այն բաց է մնում՝ դատարկ տեղ  է մնում երեխայի հոգեկանում, ինչն էլ պետք է լցվի ինչ-որ բանով: Եվ այս դատարկությունն էլ լցնելու տարբրակ է ընտրվում կախվածությունը:
 Այսպիսով՝ կարող ենք ասել, որ երեխան մանկության շրջանում չստանալով սիրո, սիրված լինելու զգացումները,  չկարողանալով բավարարել իր հաճույքները՝ ունենում է տվյալ զգացողությունների պակաս՝ դատարկություն, որը հետագայում նա փորձում է բավարարել տարբեր նյութերի անընդհատ կիրառմամբ, երևույթերի անընդհատ կատարմամբ, ինչն էլ առաջ է բերում կախվածություն: Այսինքն՝ կախվածությունը առաջանում է մանկական տարիքում ունեցած տրավմաների արդյունքում, որը հոգեկանում դատարկ տեղ է թողել և որի միջոցով էլ  անձը փորձում է լցնել մանկության շրջանում չբավարարող սիրո, հաճույքի դատարկությունը:







Անի Մաջարյան




[1] Айвазова А. Е.Психологические аспекты зависимостиСанкт-Петербург 2003 г.
[2] Под редакции Даулинг С. Психология и лечение зависимого поведения”  Москва 2000 г.
[3] Хьелл З., Зиглер Д. “Теории личности”  Питер Пресс, 1997 г. http://www.psylib.ukrweb.net/books/hjelz01/index.htm
[4] Под редакции Даулинг С. Психология и лечение зависимого поведения”  Москва 2000 г.
[5] Фрейд З. “Достоевский и отцеубийство” http://www.vehi.net/dostoevsky/freid.html
[6] Хьелл З., Зиглер Д. “Теории личности”  Питер Пресс, 1997 г http://www.psylib.ukrweb.net/books/hjelz01/index.htm
[7] Под редакции Даулинг С. Психология и лечениезависимого поведения”  Москва 2000 г. Стр 119-149
[8] Фрейд З. “Психология бессознательного” Москва, Питер 2010 г.

Комментариев нет:

Отправить комментарий